Etiketler

…Եվ Նուրան Աքքայա- հայորդի մի շնորհալի՝ Հրանտ անունով

…Դեռ որքա՜ն պետք է այս զարմանահրաշ հայորդիներն աշխարհին, ողջ Երկիր-մոլորակին ու մեզ՝ իրենց հայրենակիցներին, հիացնեն արվեստի, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում ունեցած ձեռքբերումներով, հաղթանակներով, ակնառու գործերով, հայրենասիրական, հայապահպան գործունեությամբ՝ ամենուր և միշտ հիշեցնելով, որ կա մի փոքրիկ ու դրախտավայր երկիր-Հայաստան, ուր ապրում ու արարում է մի բուռ ստեղծագործ, ադամանդափայլ ժողովուրդ, որ 101 տարի առաջ եղել է Հայոց ցեղասպանություն, որ հային քոչվոր ցեղերը բռնությամբ տեղահանել են իր Պատմական Հայրենիքից ու կոտորել, որպեսզի այդ սպանդի, նախճիրի մեկ վկա անգամ չմնա, մեկ հայ անգամ թանգարանում չմնա…Սակայն Աստծո ողորմածությամբ ապրե՛լ է հայը, շարունակել արարել նյութական ու հոգևոր արժեքներ, ապրել է հայի հիշողությունն այն սև օրերի ու փոխանցվել սերնդեսերունդ, դարձել երգ, պատմություն, բանաստեղծություն ու նկար, լուսանկար:


… Նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացված պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունն ու «Հայերը» վերնագրով պատկերագրքի շնորհանդեսը վերը նշվածի խոսում վկան են. այդ առիթով, թեև դժվարությամբ, սակայն ինձ հաջողվեց «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի համար  բարեհամբույր թարգմանչի՝ Պետրոսի միջոցով, զրուցել բազմաթիվ մարդկանցով ու լրատվամիջոցների ներկայացուցիչներով շրջապատված լուսանկարչի հետ:

-Նուրա՛ն, շնորհավորում եմ ցուցահանդեսի բացման և առաջին անգամ Հայաստանում լինելու առիթով և մաղթում, որ հայի ճակատագիրն արտացոլող այս լուսանկարները շրջեն աշխարհով մեկ:

-Շնորհակալությու՛ն ՀՀ սփյուռքի նախարարին, աջակիցներին, հանդիսատեսներին, Հայաստանի և Թուրքիայի իմ հայ գործընկերներին և շնորհակալություն Ձեզ՝ բարեմաղթանքի համար: Անչափ ուրախ եմ, որ Հայաստանում եմ և հնարավորություն ունեմ այստեղ իրականացնելու «Հայերը» պատկերագրքիս շնորհանդեսն ու ներկայացնելու իմ ստեղծած 60 լուսանկարները:

-Նուրա՛ն, ես կարծում էի, թե այս ցուցահանդեսը պետք է բացվի Ցեղասպանության 100-րդ կամ ՝101-րդ տարելիցի առիթով. չհասցրեցի՞ք…

-Ես այդպես էի որոշել, ուշացրեցի, սակայն, այս թեման միշտ էլ արդիական է. ուշ լինի, նուշ լինի: Որախ եմ, որ ցուցահանդեսը բացվեց Հայաստանում:

- Ի՞նչը դարձավ հե՛նց այս թեմայով լուսանկարներ ստեղծելու շարժառիթը. խոսենք Ձեր արմատների մասին:

-Ես պոլսահայ եմ, արմատներս Սեբաստիայից են: Մենք՝ թուրքահայերս, գաղտագողի ենք ապրում և միշտ մնում ենք չբացահայտված, ուստի ես ցանկացա 21-րդ դարում այս վարագույրը բարձրացնել:

-Նուրա՛ն Ձեր անունն ու ազգանունն էլ ե՞ն չբացահայտված ապրելու հետևանք…

-Ո՛չ, դրա հետ կապ չունի, այդպիսի նպատակ չի հետապնդել իմ անվանակոչումը, ուղղակի ժամանակին Թուրքիայում անունների, ազգանունների հետ կապված օրենք կար, անվանակոչությունս միտումնավոր չի արվել, դիտավորություն չկար:

-Եթե հրաշքով վերստին աշխարհ գալու հնարավորություն լիներ, ի՞նչ անուն կցանկանայիք ունենալ…

-Հրա՛նտ կլինեի, իմ մկրտության անունն էլ է Հրանտ, ես Հրա՛նտ եմ:

-Ուրեմն այսպես՝ Հրա՛նտ պիտի կոչեմ Ձեզ. թեմատիկ առումով Ձեր լուսանկարներից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բոլո՛րը, որովհետև դրանք ստեղծված են մեր պատմության թեմաներով,Պատմական Հայրենիքում ունեցած մեր հոգևոր արժեքների պատկերներով, իսկ ինձ համար հոգևոր արժեքներ են այս նկարներում պատկերված մագաղաթ դարձած հայերը, խաչքարերը, հայկական տները, թաղամասերը, հայերի ձեռքերով պատրաստված աղբյուրները, եկեղեցիները, գերեզմանատները. ահա՛, նայեցեք այս լուսանկարում պատկերված ծեր կնոջը, ով իր հոր պամությունների հիման վրա իր ձեռագրով պատրաստել է իրենց գյուղի կլորավուն քարտեզի նման մի բան, ուր նկարված է իրենց տունը, գյուղի դպրոցը, եկեղեցին, փողոցները: Որոշ լուսանկարներ անելիս՝ մարդիկ իրենց սրտերը բացեցին և պատմեցին իրենց նախնիներից ունեցած հիշողությունները: Մեկ ուրիշ լուսանկարում կտեսնեք Մուսալեռան գյուղերից մեկում՝ Վագըֆում արվող հարիսայի արարողությունը, կրակի վրա դրված 40 կաթսաները, մի լուսանկարում կոտրված հնաբույր խաչքարի առջև ծնկի եկած աղոթող հայ մարդն է…Չեմ կարող առնձնացնել իմ լուսանկարներից որևէ մեկը, դրանք նման են պատմական գրքի, որի բոլոր էջերը հարազատ են ու փոխկապակցված:

IMG_0067IMG_0048

-Հրա՛նտ, ես գիտեմ, որ Դուք ուրիշ մասնագիտություն ևս ունեք…

-Այո՛, ճիշտ տեղեկություն ունեք. ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ, ուղղակի 7 տարի աշխատեցի այս ծրագրի շուրջ. ես բժշկական էլեկտրոնային սարքավորումների մասնագետ եմ:

-Սա Ձեր առաջի՞ն  այցն ու ցուցահանդեսն է Հայաստանում:

-Այո՛, ես առաջին անգամ եմ Հայաստանում և առաջին ցուցահանդեսս է իմ կյանքում, ուստի այն առանձնահատուկ է:

-Ձեր բոլոր հերոսներին հանդիպե՞լ եք կյանքում և հատու՞կ եք նկարել:

-Նրանց բոլորին հանդիպել եմ, ուրիշ տեղից չեմ վերցրել նրանց դեմքերը և լուսանկարելու համար հատուկ դիրքերով չեմ ուղղորդել նրանց. լուսանկարել եմ այնպես, ինչպես տեսել եմ՝ աղոթելիս, գերեզմանի վրա կռացած, ձեռքերը վեր պարզած, լուսանկարել եմ բնական վիճակում:

-Հրա՛նտ, շատ ցավում եմ, որ Դուք հայերեն գրեթե չեք խոսում, թեև զգում եմ, որ հասկանում եք մի քիչ. ընտանիքի մեծերը՝ տատիկը, պապիկը, Ձեր ծնողները հայերեն չե՞ն խոսել…

-Մայրիկս և հայրիկս չգիտեն հայերեն, տատիկս ու պապիկս մահացել են, երբ ես շատ փոքր եմ եղել, աշխատավայրում էլ հայերենը գործածական չէ, անգլերենով ու թուրքերենով ենք խոսում:

-Սիրելի՛ Հրանտ, հույս ունենանք, որ հաջորդ անգամ, երբ Հայաստան գաք, անպայման կզրուցենք հայերենով. շնորհակալությո՛ւն զրույցի, Ձեր գեղեցիկ ու տպավորիչ լուսանկարների ցուցադրության, պատկերագրքի ստեղծման համար: Սրտանց շնորհավորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պատվոգրի արժանանալու համար:

…Իմ զրույցը հայադեմ, հայապատկեր լուսանկարչի հետ, որի ընթացքում ինձ համար բացահայտվում է նաև Նուրան-Հրանտի հոգում ապրող հայի ազնվադրոշմը, ավարտում եմ նրա լուսանկարչական ցուցահանդեսների աշխարհասփյուռ ցուցադրությունների մաղթանքով:

Կարինե Ավագյան


Hiç yorum yok:

Yorum Gönder