Պատմությունը գրում
է ժամանակը, ամրագրում են պատմաբանները, իսկ թե ինչպես և ինչ են գրում, ցույց է տալիս
կրկին ժամանակը: Վերջիններիս թեթև ձեռամբ, ոչ միայն անձերն ու իրադարձություններն են
մոռացումի մատնվում, խեղաթյուրվում, այլև` մշակութային արժեքները: Սակայն ճշմարտության
լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ. քանզի երկաթե վարագույրները
հազարամյակները մեկ ետ են քաշվում…
Սուրբ Էջմիածնի
Մայր Տաճարը հայ և համաշխարհային մշակույթի հոգևոր գանձերից մեկն է, առաջին քրիստոնեական
տաճարն աշխարհում: Աշխարհասփյուռ հայության Սրբատունն է, գոհարը` հայոց ճարտարապետության,
հայ մշակույթի դարերի մեծագույն նվաճումներից մեկը: Բացառիկ է նրա երկհազարամյա խորհուրդն
ու տոկունությունը, զորության ուժը, անգնահատելի է մարդու և տիեզերական ուժի մեկտեղման`
գերբնական դաշտի ստեղծման նրա Աստվածային շնորհը: Հայ ժողովրդի հազարամյակների լինելիության,
մաքառումի անխոնջ վկան լինելով` դիմակայել է դարերի հոգևոր և աշխարհիկ փորձությունների
քմայքներին` նեցուկ ունենալով հայ ժողովրդի մեծագույն հավատն առ Աստված:
Պատմական վավերագրերը
փաստում են. Հայաստանում մինչև քրիստոնեության ընդունումը հոգևոր պաշտամունքը կրակապաշտությունն
էր, հեթանոսական կրոնին ու բազմաթիվ կուռքերի պաշտամունքին, բազմաստվածությանը փոխարինեց
միաստվածային կրոնը` քրիստոնեությունը: Բոլոր հեթանոսական տաճարները վերածվեցին եկեղեցիների.
հոգևոր և նյութական ողջ մշակույթը ոչնչացվեց, որպեսզի ոչինչ չհիշեցնի հին աստվածներին:
Ագաթանգեղոսը գրում է. «Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում եպիսկոպոսական ձեռնադրություն
ստանալուց հետո, վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է լինում քրիստոնեական պաշտամունքային
շինություններ կառուցելուն. գիշերային մենության մեջ, մտորումներով տարված, նա տեսիլք
տեսավ. Աստծու Միածին Որդին երկնքից ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով վայրը,
որտեղ պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը. «Սոյնպես եւ ի տեղիս մեհենացն զոր կործանեաց
յառաջագոյն, … յամենայն տեղիս, յաշխարհս և ի գաւառս առ հասարակ, սոյն օրինակ գործեաց
եւ բազմացոյց զեկեղեցիս»»: Սա պատմական անհերքելի փաստ է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը
ոչ միայն հիմքից սկսած նոր պաշտամունքային կառույցներ է ստեղծել, այլև որոշ եկեղեցիներ
կառուցել է մեհյանների շինությունների հիմքի վրա, իսկ որոշ դեպքերում` ձևափոխել ու
վերածել քրիստոնեական տաճարների:
5-րդ դարի հայ
պատմիչների վկայության համաձայն, Մայր Տաճարը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն
նվիրված մեհյանի տեղում, և որի կառուցումն ավարտվել է 303-ին և անվանվել Սբ. Մարիամ
Աստվածածին: Միածնի էջքի ճիշտ կետը` տեղը, տաճարի մեջտեղի իջման խորանն է, որի համար
ասվում է, թե սկզբում լոկ բոլորակ մի քար կար եկեղեցու մեջտեղում, որի վրա 17-րդ դարի
վերջերին խորան է կառուցվել: Տաճարը սկզբում բազիլիկատիպ էր, 480թ. իշխան Վասակ Մամիկոնյանը
վերակառուցել է այն՝ տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը:
17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանը:
Սուրբ Էջմիածնի
Մայր Տաճարը առաջին գմբեթավոր քրիստոնեական եկեղեցին է ողջ քրիստոնյա աշխարհում: Նրա
սյուներին ու կամարներին, որմերին ու գմբեթներին, քարերին միաձուլվել է դարերի հազարամյա
դրոշմը` հավատավոր հայ ժողովրդի հավատն առ Աստված: Սրբազօծ տաճարի խրհրդավոր լռությունը`
թաքցված ճշմարտության լույսը, 15 դար անց պիտի ճառագեր Մայր Տաճարի` Սբ. Մարիամ Աստվածածնի
խորանից. 1958թ. հնագիտական պեղումների և վերանորոգման ժամանակ Մայր Տաճարի Ավագ Խորանի
տակ 1-1,5 մետր խորության վրա հայտնաբերվել է 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից
կառուցված սրբատեղին, բացվել են սյունապատ հիմքերը, բեմը և Խորանի հիմնաքարը: Հին խորանը
նույնպես երկշերտ է: Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք
պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի: Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության
ներսում` Ավագ խորանի տակ հայտնաբերվել հղկված որձաքարից պատրաստված հուշակոթողը, որը
պատկանում է Ն. Ք. Ը դարի (մ.թ.ա. X դար -Ջ. Բ.) ուրարտական ժամանակաշրջանին, ինչպես
նաև նույն տեղից հանված հեթանոսական ժամանակներին վերագրվող կարասի մեջ առնված թոնրաձև
«կրակարան» կոչվածը` ակը դեպի արևմուտք (Հասրաթյան Մ., Էջմիածնի Մայր Տաճար, «Քրիստոնյա
Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 367): Թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարանի
մեջ դեռևս մնացել են ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ
խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության
հաղթանակը հեթանոսության հանդեպ:
Երբ մոտենում ես
Տաճարին, անհնար է չնկատել ու չզգալ նրա մեծագույն արժեքը, վեհաշուք գեղեցկությունը,
պատկառազդու խորհուրդը, բայց և գիտենալով նրա <սրտի> մեջ ի պահ առնված մեհյանի
հանրությանը` շարքային քաղաքացուն, անհասանելի` տեսանելիորեն անմատչելի լինելու հանգամանքը,
անբացատրելիության զգացումն է պարուրում, և դեմ հանդիման ծառանում են հարցադրումներն
անպատասխան: Մեհեյանների ոչնչացումը ծանրակշիռ հարված է եղել հայկական հազարամյակների
մշակույթին. հոգևոր հարստության կորուստն ահռելի է: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանի
հայ հոգևոր-մշակութային արժեքների մասին խոսելիս` պատմագիրները <չափազանց զուսպ
են եղել>: Այդպես էր և է բոլոր դարաշրջաններում. պատմությունը գրի են առնում պատմաբանները
(այս դեպքում` պատմագիրները) և այնպես, ինչպես թելադրում են իշխանավորները, և պահանջում
է նրանց շահն ու հեղինակությունը: Եվ Ոսկե դարում` հայ պատմագրության ծաղկուն ժամանակաշրջանում,
հայոց պատմագրությունը սկզբունքայնորեն լռել է մեհյանների գոյության և դրանց ոչնչացման
մասին: Անշուշտ ճարտարապետական լուծումներով անհամեմատելի են Գառնիի հեթանոսական տաճարն
ու Մայր Տաճարի խորանի տակի հեթանոսական մեհյան-կրակարանը` վերգետնյա կարաս հիշեցնող,
իսկ որպես հոգևոր-մշակութային արժեք` երկուսն էլ նույն հարթության վրա են:
Սուրբ Էջմիածնի
Մայր Տաճարի Ավագ խորանի տակ մինչ օրս պահպանվում է հեթանոսական ատրուշանը` կրակարանը:
5-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը` 1958 թվականը, հայ պատմագրության և գրականության
մեջ որևէ հիշատակում չկա մեհյանների գոյության մասին: Ի դեպ միայն Սբ. Մարիամ Աստվածածնի
Ավագ խորանի տակ չէ որ պահպանվում հեթանոսական մեհյան. մեհյան կա Հաղարծին և Նորավանք
եկեղեցիների տակ (դեռևս այս երեքն են ինձ հայտնի): Աշխարհիկ քանի՞ հավատացյալ հայի
է սա հայտնի: Քանի՞սը գիտի այս մասին: Ինչո՞ւ է պատմագրությունը լռել ու լռում: Միչև
ե՞րբ պետք փակված մնա երկաթե այդ վարագույրը: Տարիներ առաջ բարեբախտություն եմ ունեցել
անզեն աչքով տեսնել Մայր Տաճարի տակ պահվող հեթանոսական մեհյան, շնորհիվ Ռուսաստանի
հայերի հոգևոր առաջնորդի բարեխոսության: Ինչու` բարեխոսության, քանզի իրոք այն տեսնելու
համար բարեխոս է հարկավոր, ոչ թե Երկնավոր Տիրոջ, այլ եկեղեցու վերադասի կամ նար ազդեցիկ
սպասվորների միջև:
Մեր նախնիներին
քննադատելու, հինը ոչնչացնելով նորը ստեղծելու, նրանց արարքներին գնահատական տալու
մտայնությունը չէ իմ հոգը: Այլ Հայոց պատմության հոգևոր-մշակույթի` հազարամյա ժառանգության
հետ առերեսման անհամարձակության խնդիրը, որը ծնրադիր է աշխարհիկ և հոգևոր հայ իշխանաց
առջև: 15 դար մեհյանը պահել Հայոց Մայր Տաճարի <սրտում> և ցույց չտալ ոչ միայն
աշխարհին, այլև` հարազատ ժողովրդին: Մինչ դեռ աշխարհում օտարազգիները 100 տարվա մի
ծակ կարաս էլ որ գտնեն, վայրկյաններ անց կհեղեղվի միջազգային ողջ լրատվադաշտը: Իսկ
մենք լռում ենք, անարդարացի այն մտավախությամբ, որ կվանասենք Քրիստոնեության սկզբունքները,
կխաթարվի նրա հեղինակությունը: Եթե ամբողջ աշխարհի առջև ազգովի հպարտանում ենք երկազարամյա
Գառնիի տաճարով, ապա ինչո՞ւ չհպարտանալ Աստծո տաճարներում Տիրոջ օրհությամբ ի պահ առած
հազարամյա մեհյանով` որպես հայ մշակույթի մեծագույն ժառանգություն: Սբ. Գրիգոր Լուսավորչի
տեսիլքը պատահական վայրում չի հայտնվել. Աստծո Միածին Որդու հայտնության տեսիլքով սրբազօծված
վայրը դեռ դարեր առաջ` մինչ քրիստոնեությունն էր սրբատեղի:
Արդարացի չէ Հայոց
պատմության 15 դարյա լռությունը: Ահա և կես դարից ավելի է` լռում ենք և մենք, երբ ճշմարտության
լույսը Մայր Տաճարի խորանից է ճառագում: 1958-ից մինչ օրս Հայաստանում հրատարակված
Հայոց պատմության դպրոցական դասագրքերում, բուհական ձեռնարկներում, որևէ տող կամ ազատ`
անարգելք արված լուսանկար Սբ. Մարիամ Աստվածածնի տակ գտնվող հեթանոսական մեհյանի գոյության
մասին չկա: Հնարավորինս ամեն ինչ արվել է և արվում է սերունդների անիրազեկումն ապահովելու
համար: Հնագիտական ուսումնասիրությունների համար այն փակ է. քանզի բազմաթիվ հարցեր
ու հարցադրումներ կառաջանան, իսկ հայ առաքելական եկեղեցու սպասավորաց գիտական թևը դրանց
պատասխանները չունի, հոգևոր վերադասն էլ` ոչ ավելորդ ժամանակ և ոչ էլ ցանկություն...:
Հոգևոր հովիվների շրջանում միջնորդի կամ բարեխոսի <հայեցի> աջակցությունն անպայման
պիտի լինի մեհյանը տեսնելու համար: Այն փակ է տեսախցիկի և լուսանկարչական սարքի առջև.
խստիվ արգելվում է: Օրեր առաջ Մայր Տաճարի թանգարանի աշխատակցից փորձեցի ճշտել, թե
ինչպես կարող եմ մեհյանը կրկին տեսնել: Պարզվեց` չեմ կարող, քանի որ այն ութ ամիս է,
ինչ փակ է: Իմ ենթադրությունը տեղին չէր և թանգարանի, այդ թվում նաև մեհյանի փակ լինելու
հանգամանքը ամենևին էլ կապված չէր Տաճարի արտաքին վերանորոգման հետ: Եվ իմ այն հարցին.
«Հապա ինչո՞վ է պայմանավորված փակ լինելու հանգամանքը»: Ասացին. «Չգիտենք: Հրաման է: Եվ փակ է լինելու անորոշ ժամանակով»:
Ո՞ւմ հրամանն է,
ՀՀ մշակույթի նախարարի՞, Հայոց Հայրապետի՞, թե՞ Տեր Աստծո:
Լույս իջնի շիրմիդ
Պարո´ւյր Սևակ.
<...Արդեն
10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ
հավատացյալից,
Բյուրատեսք ու
սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց
բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց
կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց
ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս>:
Ջեմմա Բաղդադյան
Posted
by: Jemma Baghdadyan <baghdadyan@yahoo.com

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.