Սոֆյա Հակոբյան
1Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ միջազգային հանրության
ուշադրությունը սևեռված էր պատերազմական խնդիրներին, Թուրքիայում նոր մարտահրավերների
առաջ կանգնած արևմտհայությունը կրկնակի աքսորի, գաղթի և կողոպուտի միջով անցավ:
Այս մասին քիչ չեն վերջին տարիներին հրատարակված, պոլսահայության
անցած դժվարությունների և նրանց դեմ ուղղված պետական քաղաքականության մասին պատմող
գրքերը: Սակայն հաճախ լռության է մատնվում այդ նույն ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանի
գավառներում ապրող հայության բեկորների վիճակը: Ցեղասպանությունից հետո թուրքերը եւս
մի անգամ ինչպե՞ս երկրորդ փոխեցին Արևմտյան Հայաստանի և Կ.Պոլսի էթնոգրաֆիկ պատկերը:
1. Պոլսահայության վիճակը 1940-ական թթ.
1940-ական թթ. Ցեղասպանությունից հետո Պոլսի հայ համայնքի համար
ամենածանր և կորուստներով լի շրջանն էր:
Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի օրոք դեռևս նոր-նոր
հանգիստ շունչ քաշել պատրաստվող արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ: Եւ դա բոլորվին
էլ պատահական չէ նույն Ինոնյուի, դեռևս 1925 թ. արած ծրագրային հայտարարության համատեքստում.
ՙԻնչ գնով ուզում է լինի մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրող բոլորին, իսկ թուրքերի
և թրքականության դեմ դուրս եկողներին՝ ոչնչացնելու՚: Ի.Ինոնյուն ազգայնական ծրագրերն
սկսեց իրականացնել մեծ թափով և շատ բացահայտ կերպով:
Հայկական համայնքի կրած երկու ամենամեծ հարվածներն էին ոչ մահմեդականների
դեմ ուղված հարկային օրենքն ու զորակոչը:
Ունեցվածքի հարկի մասին օրենքի համաձայն` հրեաները պարտավոր
էին վճարել իրենց եկամտի 178 տոկոսը, հույները 150,իսկ հայերը 232-ը: Սա ամբողջովին
ջախջախեց պոլսահայությանը՝ որպես տնտեսական ուժ և անշուշտ պատճառ դարձավ մեծ արտագաղթի:
Ունեցվածքի հարկի մասին օրենքն ընդունվել է 1942թ. նոյեմբերին
և չեղյալ հայտարարվել 1944թ. մարտին:
Այս երկու տարիները լիովին բավարար էին երկրի տնտեսության մի
շարք կարևոր ճյուղերը հայերի և հույների ձեռքից խլելու և փոխանցելու նորաստեղծ թուրք
բուրժուազիային: Ընդ որում՝ քրիստոնեությունից իսլամի անցնելուն պատրաստակամություն
հայտնելու դեպքում այս օրենքը գործում էր կիսով չափ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քրիստոնյա տղամարդկանց
զորակոչը Թուրքիայում նույնպես ուշագրավ է այն առումով, որ հաճախ հիշեցնում է Առաջին
աշխարհամարտի տարիներին իրականացված ՙզորակոչը՚, որի վերջաբանը հայտնի է բոլորիս:
Երբ գերմանական զորքերը հասան Հունաստան, կարճ ժամանակ անց Թուրքիայում
զորահավաք հայտարարվեց:
20-45 տարեկան տղամարդկանց զորահավաքի ընթացքում քրիստոնյա տղամարդիկ
առանձնացվեցին, նրանց զենք չտրամադրվեց, այլ կարգադրեց վերջիններիս տանել բոլորվին
այլ ուղղությամբ՝ շինարարության և կամուրջների կառուցման վրա աշխատող բանվորական դասակներ:
Հայտնի են վկայություններ նաև այն մասին, որ ոչ մահմեդական զինվորներին չի բաժանվել
թուրքական բանակի զինվորական համազգեստ: Նրանցից քչերին է հաջողվել վերադառնալ տուն,
իսկ չվերադարձածները հիմնականում համարվել են պարզապես անհայտ կորածներ:
Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ տարիներին տեղի ունեցող այս իրադարձությունները
և քրիստոնյաների դեմ ուղված քաղաքականության ՙարդարացումները՚ չէին տարբերվում Առաջին
աշխարհամարտի տարիներին ոճրագործություններին. ՙԵրկրում առկա վտանգավոր տարրերը պետք
է մեկուսացվեն՚ կամ ՙտեղափոխվեն՚:
Ընդ որում՝ մի շարք հեղինակներ պնդում են, որ նախագահ Ի. Ինոնյուն
նամակ էր ստացել Հիթլերից, որում տեղեկացնում էր, որ Ստամբուլ չի հասնելու և այն առհասարակ
իր ծրագրերի մեջ չի մտնում:
Ակնհայտ է, որ Գերմանիայի դաշնակից Թուրքիան կարողացավ շատ հմուտ
օգտվել համաշխարհային պատերազմից նաև այս անգամ: Ինչպես իրավացիորեն նշում է հայագետ
Հ. Ալվրցյանը٫ ՙԹուրքիան կարողացավ օգտագործել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ աշխարհամարտերը՝
միատտար երկիր ստեղծելու համար: Բազմաթիվ հայեր, ասորիներ, հրեաներ, հույներ լքեցին
երկիրը, մնացողների մեծ մասն իսլամացավ՚:
Այս առումով հատկապես ուշագրավ է իր խիստ ազգայնական և հակահայկական
հայացքներով հայտնի քաղաքական գործիչ, գեներալ Քյազըմ Քարաբեքիրի Ստամբուլյան ելույթը
հենց զորահավաքից առաջ, երբ քննարկվում էին Թուրքիայի հետագա գործողությունները Ստամբուլի
հնարավոր գրավման դեպքում. ՙՅուրաքանչյուր վտանգավոր տարր Անատոլիայի հեռավոր վայրերը
պետք է ուղարկվի: Այն դեպքում٫ երբ թուրքի այունը խմող այս տարրերը հրաշալի տներում
են ապրում, թուրքերը 5-6 երեխայով հողե տնակներում են ապրում:
Դրանից հետո նրանցից դատարկված այս շենքերոը, Բեյօղլուի կողմերը
կբնակեցվեն թուրքերով: Այդ պարագայում՝ մեր բանակի հնարավոր նահանջի դեպքում٫ Ստամբուլում
մեր զինվորները կգտնեն իրենց ամբողջ սրտով աջակցող թուրքական տարրը: Բացի այդ՝ գիտեք,
որ ես կողմնակից չեմ անգամ մեկ թուրքի Անատոլիայում բնակեցնելուն: Սակայն٫ այստեղից
վնասակար տարրերին մաքրելով, նրանց փոխարեն թուրքերին կարող ենք բերել: Սա Ստամբուլի
համար շատ կարևոր խնդիր է՚:
Սա կարող է հստակ պատասխան տալ, թե ինչու այդ ժամանակ պետության
թիրախը դարձան հենց Պոլսի հայերը: Սակայն միևնույն ժամանակ սա չի նշանակում , որ այս
անգամ Արևմտյան Հայաստանի հայությունը խուսափեց չնշումներից ու հալածանքներից:
2. Իրավիճակն Արևմտյան Հայաստանում
Այս շրջանի մասին քննարկումներում հաճախ մոռացության եմ տրվում
Արևմտյան Հայաստանի հայերի նկատմամբ գործադրված բռնություններն ու հալածանքները: Քիչ
է խոսվել այն մասին, որ զորակոչն ու ունեցվածքի հարկի մասին օրենքը տարածվել են նաև
Արևմտյան Հայաստանի٫ ինչպես նաև Թուրքիայի արևմտյան և կենտրոնական այլ շրջաններուի
մի շարք քաղաքներում (բացի Ստամբուլից) ապրող քրիստոնյա հայերի վրա: Մասնավորապես այնպիսի
քաղաքներ٫ ինչպեսիք են٫ Դիարբեքիրը, Մալաթիան, Մարդինը, Ադըյամանը, Խարբերդը, Սեբաստիան,
Կեսարիան, Կոնյա٫ նույնպես կրել են այս իրադարձությունների անմիջական ազդեցությունը:
Ուշագրավ է, որ թեև օրենքը պաշտոնապես վերաբերում էր միայն քրիստոնյաներին,
այնուամենայնիվ այս վայրերում հաճախ ունեցվածքի հարկ գանձելու անվան տակ թալանվել են
նաև կրոնափոխ որոշ հայեր, հատկապես՝ արհեստավորները:
Դիարբեքիրից զորակոչված կրոնափոխ հայ
Նույնը վերաբերում է նաև զորակոչին. ըստ մի շարք մարդկանց վկայությունների՝
զորահավաքի ժամանակ Դիարբեքիրից և Ադըյամանից (Քյահթայի շրջան) զորակոչված կրոնափոխ
հայերին նույնպես զենք չի բաժանվել٫ և նրանք ուղարկվել են բանվորական գումարտակներ:
Սա ևս մեկ անգամ ընդգծում է Թուրքիայի կառավրության՝ տարբեր տարիների ընթացքում կրոնափոխ
հայերի հանդեպ ընդգծված քաղաքականություն վարելու հետ մեկտեղ նրանց մշտապես վերահսլողության
տակ պահելու և ամենակարևորը՝ ծպտյալ հայերի գաղտնի մարդահամարների մասին:
Ինչ վերաբերվում է Արևմտյան Հայաստանի գյուղերում ապրող ծպտյալ
կամ բացահայտ հայերին, ապա հարկ է նշել, որ այս շրջանը կորուստներով լի էր նաև նրանց
համար: Զորահավաքի ժամանակ ՙբանակ՚ են զորակոչվել հայեր նաև Մուշի և Սասունի որոշ գյուղերից:
Այս շրջանում նրանց վրա ուժեղացավ նաև քրդական աշիրեթների ՙաղայական համակարգի՚ ճնշումը:
Դա բնական էր, քանի որ այս վայրերում ՙօրենք՚ հասկացությունը պարզապես գոյություն չի
ունեցել٫ և հայերի հանդեպ ճնշումներն իրականացվել են ոչ թե օրենքի ուժով, ինչպես Կ.Պոլսում,
այլ մեզ քաջ հայտնի ավանդական մեթոդներըով՝ աղաների կամայականություններ, միջցեղային
խժդժությունների հրահրում հայերի և քրդերի միջև, հայերի հողերի բռնազավթում ՙֆեոդալական՚
օրենքներով, ՙանկարգություն՚ որակվող սպանություններ և այլն:
Ի դեպ՝ բախումներն Արևմտյան Հայաստանում չավարտվեցին Երկրորդ
աշխարհամարտի շրջանում, ընդհակառակը՝ շարունակվեցին և ավելի սուր և հաճախակաի բնույթ
ստացան:
Պատահական չէ, որ հենց 1940-ականներից սկսվեց գավառահայության
աստիճանական արտագաղթը դեպի Թուրքիայի արևմուտք, ինչպես նաև սկիզբ դրվեց իսլամացման
նոր փուլի:
Նշեմ նաև, որ 1940-ական թթ. բախումների ժամանակ Սասունի և Բիթլիսի
(Մոտկան) մի քանի գյուղերում հայերը կազմակերպված դիմադրություն են ցույց տվել, ինչի
հետևանքով ավելի քիչ են տուժել և հիմնականում չեն արտագաղթել:
Ստորև ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում այդ տարիներին
Մուշի, Սասունի և Դիարբեքիքիրի գյուղերում բնակվող հայերի վկայություններից մի քանիսը.
Տալվորիկցի Հովհաննեսի ընտանիքը
Աստղիկ Բալջը. ՙՄենք տալվորիկցիներ ենք, սակայն դեռևս Ցեղասպանությունից
առաջ պապիկս Մուշ էր տեղափոխվել: Հավատորիկ էր գյուղի անունը: Հորս անունը Հովհաննես
էր, մորս անունը՝ Արշալույս: 1946թ. Մուշում քրդերը գրոհեցին մեր տան վրա: Մորս թաքցրել
է կրոնափոխ մի հայ կին: Հայրս երջանիկ պատահականությամբ այդ օրը մեկ այլ գյուղ էր գնացել
աշխատելու: Քրոջս ժայռից ներքև էին նետել, արտի մեջ: Երկու օր հետո գտանք, հրաշքով
ողջ էր մնացել: Տատիկս այդ օրը ստացած փայտի հարվածների պատճառով ամբողջ հետագա կյանքում
կռացած էր ման գալիս: Մերոնք այս իրադարձությունների հետևանքով սկսեցին մահմեդական
ձևանալ: Չնայած միևնույն է. կրոնափոխ թե քրիստոնյա՝ հայ ես նրանց համար: 1949թ. պապիկներիս
սպանեցին Մուշում: Այդ ժամանակ Դիարբեքիր տեղափոխվեցինք և այնտեղի եկեղեցում մկրտվեցինք,
նորից դարձանք քրիստոնեության: Ավելի ուշ Ստամբուլ եկանք, վերջում ՝ Հոլանդիա հասանք:
Հայրս շատ լավ հայ էր, շատ պատվավոր: Ուզում էր Հայաստան տեղափոխվել: Այդ տարիներին
դիմել է Ստամբուլում Սովետական Միության դեսպանատուն, բայց մերժվել է՚:
Վ. Զ. ՙՍասունում բախումներն ամենից շատ սրվեցին 1980-ական թթ.:
Մինչ այդ ամբողջ Անատոլիան մեծ թափով հայաթափվում էր: Դեռևս 1940-ական թթ. կեսից վիճակը
լարված էր, հայրսհաճախ էր պատմում այդ դեպքերի մասին: Իմ պապիկի եղբայրն այդ ընթացքում
Հալեպ փախավ, որ բանակ չզորակոչվի: Բայց, այնուամենայնիվ, սասունցիներն ամենավերջինն
են լքել իրենց երկիրը՝1980-ականների վերջին միայն: Մենք 1987-ի աշնանն ենք եկել Ստամբուլ:
Մինչ այդ Մարդինում ապաստանեցինք, բայց մի քանի ամիս միայն: 1945թ. տատիկիս գյուղում
կռիվների ժամանակ արաբները 3 հայ էին սպանել, բայց հայերն ի պատասխան 7 մահմեդական
սպանեցին, որից հետո٫ իհարկե٫ պետք է փախչնեին. եկան պապիկիս գյուղը, որովհետև ավելի
լեռնային էր ու ապահով: Այդ տարիներին ավելի շատ դաշտի հայերը տուժեցին, քան լեռնեցիները՚:
1946 թ. Մուշում հարձակման ենթարկված հայուհի
Հակոբ. Խ. ՙՍասունի Ռաբաթ գյուղից տատիկս և պապիկս 1916 -ին
գաղթեցին Զիլան գյուղ, այնտեղ մնացին մինչ 1942թ.: Այդ ժամանակ նոր կռիվներ սկսվեցին.
մերոնք կամ պետք է մահմեդական դառնային, կամ փախչեին: Սպանություններ եղան, որ ստիպեցին
մերոնց այդ ընտրոթյունը կատարել: Հիմնականում փորձում էին իրենց կրոնը պարտադրել: Մերոնք
գնում են Ղամիշլի՝ Սիրիա: Մի քանի տարի անց Հայաստան են տեղափոխվում: Զիլան գյուղում
էլի հայեր կային ծպտված, բայց մնացին, հիմա մահմեդական են: Երկար ժամանակ չէին ասում,
որ հայ են, թեև այդ մասին այնտեղ բոլորն էլ գիտեին՚:
Դ. Գ. ՙ1944թ. մեր պապիկը կորցրեց իր ողջ ունեցվածքը٫ թեև շատ
բան չուներ: մահվան սպառնալիքի տակ խլեցին քուրդ աղաները: Ընտանիքի որոշ անդամներ իսլամ
են ընդունել: Մորական կողմից բազմաթիվ ազգականներ ունեմ,որ մահմեդականացել են: Պապիկս
1944թ. նոյեմբերին լքում է գյուղը և տեղափոխվում քաղաք: Դիարբեքիրի կենտրոնում նոր
տուն է կառուցում: Ամեն ինչ զրոյից է սկսում: Այդ տարիներին իր նմանները՝ գյուղերից
քաղաք եկածները٫ շատ էին: Ես երբեք չեմ գնացել մեր գյուղը, թեև 12 կիլոմտր էր հեռու՚:
Այսպիսով՝ որպես ամփոփում կարող ենք փաստել, որ 1940-ական թթ.
Թուրքիայի հայության համար նույնպես ճակատագրական դարձան. սկիզբ առած նոր ազգային և
կրոնական ճնշումները պատճառ դարձան նոր արտագաղթերի և իսլամացման:
Փաստ է, որ Թուրքիան Երկրորդ աշխարհամարտն օգտագործեց որպես
հարմար առիթ՝ իրականացնելու երկրի համար առաջնային խնդիր հանդիսացող ուծացման, թուրքացման,
միատարր երկիր ստեղծելու նպատակը: Այլ կերպ ասած՝ Երկրորդ աշխարհամարտում Թուրքիան
փորձեց ավարտին հասցնել այն, ինչը սկսել էր Առաջին աշխարհամարտին:
Կարող ենք եզրակացնել,որ եթե Երկրորդ Համաշխարհային պատերազմի
ընթացքն այլ կերպ ընթանար, արևմտահայության վիճակը շատ ավելի ծանր կլիներ և թուրքերի
ազգայնական ծրագրերը շատ ավելի հեռուն կգնային՝ վերջնականապես հայաթափելով ամբողջ երկիրը:
Սննկացած պոլսահայությունը հիմնականում բռնեց Եւրոպայի ուղղին,
սակայն մի քանի տարի անց Ստամբուլի դատարկվող հայկական թաղամասերում նրանց փոխարինելու
եկան գավառահայերը, որոնց գյուղերից քաղաք և հատկապես Ստամբուլ արտագաղթը սկիզբ առավ
հենց այդ տարիներին: Հարկ եմ համարում նշել, որ գավառահայերը թեև Ստամբուլում կազմավորեցին
իրենց փոքրիկ համայնքները, սակայն քաղաքային կյանքն٫ անշուշտ٫ ազդեց դեռևս հայախոս
գավառահայերի բարբառի մոռացության և տեղական ավանդույթների վրա, և, բնականաբար, արագացրեց
նրանց թուրքախոս դառնալու գործընթացը: Քաղաք տեղափոխված արևմտահայերը նաև ավելի քիչ
հնարավորություն ունեին ՙմիջհամայնքային՚ ամուսնությունների. 2-3 սերունդ անց նրանց
երեխաների և թոռների՝ այլազգիների հետ ամուսնությունները դառնում են անխուսափելի, ինչի
ականատեսն ենք այօր:
_______________
Աղբյուրներ
Հակազուն Ալվրցյան٫ Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում٫
Երևան٫ 2014թ.:
Mahmut Goloğlu٫ Türkiye Milli Şef Dönemi 1939-1945
(1974).
Ayhan Aktar, Varlık Vergisi ve “Türkleştirme”
Politikaları.
Ayhan Aktar٫ Türk Milliyetçiliği, Gayrimüslimler ve
Ekonomik Dönüşüm .
Ա. Քիւրքճեան٫ Թուրքերուն՝ ՔշԹուրքիան թրքացնելու քաղաքականությունը:
Հ.Գ. Նյությում օգտագործվել են նաև 24 վկայություններ՝ հավաքված
Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ապրող հայերից:




Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.