ՄՀԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ
1978 թուականից
Չինաստանի տնտեսական բարեփոխումներն արտասահմանցի գործարարներին հնարաւորութիւն տուեցին
լայնածաւալ գործունէութիւն ծաւալել աշխարհի ամենամեծ շուկայում: Յետագայ տարիներին
Չինաստան ժամանած միլիոնաւոր արտասահմանցի գործարարների թւում էին նաեւ փոքրաթիւ հայեր: Հայերի թիւը Չինաստանում
սկսեց աճել 2000ականներից: Որոշ տուեալներով, 2013ին հայերի թիւը հասնում էր
800-900ի:
Սկզբնական շրջանում հայերը միաւորւում էին քաղաքների, նահանգների մակարդակով:
Օրինակ՝ Շանհայում հայերին միաւորելու գործում մեծ ներդրում ունեցաւ Վաչէ Պետրոսեանի
ղեկավարած Շանհայի հայկական ակումբը: Պեկինի հայերը միմեանց հետ ծանօթանում էին ՀՀ
դեսպանատան կազմակերպած միջոցառումների շրջանակներում: Հայկական համայնքները յատկապէս
ակտիւ էին Չինաստանի հարաւում՝ Հոնկոնգ, Գուանջոու, Շենջեն քաղաքներում:
Սակայն այս քաղաքների
համայնքները միաւորուած չէին, հանդիպում էին տօնից տօն, չկային ընդհանուր նպատակ եւ
քաղաքականութիւն: Իրավիճակը փոխուեց, երբ 2006թ. Շենջենում բնակուող ֆրանսահայ Միհրան
Փափազեանի նախաձեռնութեամբ ստեղծուեց Չինահայ համացանցային-սոցիալական հարթակը:
Հարթակի շրջանակներում
ստեղծուեց Չինահայ (http://www.chinahay.com) կայքը, Չինահայ անուամբ էջեր բացուեցին
սոցիալական ցանցերում, որոնք հնարաւորութիւն տուեցին համախմբել Չինաստանի հայութեանը:
2006ից սկսած՝ Չինահայ համացանցային կայքի միջոցով հայերը հաւաքւում եւ նշում են հայկական
տօները, կազմակերպում միջոցառումներ: 2006-2013թթ. բազմաթիւ միջոցառումներ կազմակերպուեցին
հայաշատ քաղաքներում՝ Հոնկոնգում, Գու-անգջոում, Շանհայում, Շենջենում, Նանջինգում
եւ Պեկինում:
2013ը կարեւոր
էր համայնքի վերջնական կազմաւորման գործում: Հայաշատ քաղաքների մի շարք անդամներ՝ Հենրի
Արսլանեանի գլխաւորութեամբ, ձեռնամուխ եղան համայնքի ղեկավար մարմնի եւ իրաւաբանական
կազմակերպութեան ստեղծման գործին: Համայնքի կայացմանը մեծ լիցք հաղորդեց բարերարներ
æէք եւ æուլի Մաքսեանների նուիրատուութեամբ ստեղծուած Հոնկոնգի Հայկական կենտրոնը:
Հայկական կենտրոնի բացմանը մասնակցեց եւ իր օրհնութիւնը բերեց Գարեգին Բ. կաթողիկոսը:
Բացման հանդիսաւոր արարողութեանը մասնակցեցին նաեւ Չինաստանում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանը,
տարբեր երկրների հայկական համայնքների ղեկավարներ:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ
ՄԱՐՄԻՆ. ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔՆ
ՈՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
2013թ. ստեղծուեց
համայնքի Գործադիր մարմինը, որի նախագահ ընտրուեց Հենրի Արսլանեանը: Կազմուած է 13
անդամից: Ներկայացնում են Չինաստանի հայաշատ քաղաքների՝ Հոնկոնգի, Գուանջոուի, Նանջինգի,
Շանհայի, Պեկինի, Շենջենի հայերի շահերը: Գործադիր մարմինն ամէն ամիս հեռաձայնային
ժողով է անցկացնում, որի ընթացքում որոշում եւ կազմում է տուեալ ամսուայ գործունութեան
պլանները: Համայնքի գործունէութեան կշիռն ու կազմակերպուածութիւնը բարձրացնելու համար
Հոնկոնգում գրանցուեց «Հոնկոնգի եւ Չինաստանի հայկական համայնք» կազմակերպութիւնը,
որի տնօրէնների խորհրդում ընդգրկուեցին Գործադիր մարմնի անդամները: Համայնքն ունի Խորհրդականների
խորհուրդ, որտեղ ընդգրկուած են ԱՄՆի, Մեծ Բրիտանիայի, Հոնկոնգի հայկական համայնքների
ղեկավար կազմից յայտնի մարդիկ: Խորհրդականների խորհրդի անդամ է նաեւ Չինաստանում ՀՀ
դեսպանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵԱՆՔՆ
ՈՒ ԾՐԱԳԻՐԸ
2014թ. Մարտին
լոյս տեսաւ Չինաստանի հայկական համայնքի առաջին տեղեկագիրը: Այն երկլեզու է՝ հայերէն
եւ անգլերէն: Տեղեկագիրը պատմում է համայնքի կեանքի եւ ծրագրերի մասին, սփռւում է թէ՛
Չինաստանի, թէ՛ այլ հայկական համայնքներում:
Գործադիր մարմինը
ներկայումս խնդիր է դրել ստեղծել նոր, հզօր համացանցային կայք, որը կը համապատասխանի
եւ կը նպաստի համայնքի գործունէութեանն արդի շրջանում:
Համայնքը սերտօրէն
համագործակցում է Հայկական վիրտուալ քոլեջի հետ: Համայնքի անդամները հնարաւորութիւն
ունեն æեք եւ æուլի Մաքսեանների անուան հայկական կենտրոնում մասնակցել հայերէն լեզուի
դասընթացներին: Դասընթացներն անցկացւում են համացանցի միջոցով, որը հնարաւորութիւն
է տալիս մասնակցել նաեւ տարբեր քաղաքներում բնակուող հայերին: Ներկայումս համայնքի
նախագահ Հենրի Արսլանեանը բանակցում է եւրոպական առաջատար ֆոնդերի հետ, որպէսզի ասպիրանտական
կրթաթոշակներ յատկացուեն Չինաստանի հայկական համայնքի պատմութիւնը վաղ ժամանակներից
ուսումնասիրելու համար: Այս բնագաւառում առաջին յաջողութիւնը գրանցուեց 2014թ. Ապրիլին,
երբ «Կիւլպէնկեան» հիմնարկը Չինաստանում հայկական համայնքի պատմութիւնն ուսումնասիրելու
համար 6ամսեայ կրթաթոշակ յատկացրեց, որի նպատակն է լինելու ուսումնասիրել Չինաստանում
հայերի ներկայութիւնը 20րդ դարում:
Չինաստանի հայկական
համայնքը փորձում է միաւորել նաեւ Հեռաւոր Արեւելքի՝ Սինգապուրի, Թաիլանդի, Մալայզիայի,
Վիետնամի հայերին: Այն իր օժանդակութիւնն է բերում Մեանմարի, Բանգլադեշի հայկական եկեղեցիների
պահպանման գործում: 2014թ. հայկական համայնքի շրջանակներում ստեղծուեց Չինաստանի հայկական
ուսանողական միութիւնը, որի նպատակն է համախմբել Չինաստանում գտնուող հայ ուսանողներին,
օգնել միմեանց, փոխանակուել գիտաժողովների, կրթաթոշակների վերաբերեալ տեղեկատուութեամբ,
նպաստել հայ-չինական բարեկամութեանը: Ուսանողական միութիւնն ունի 50 անդամ, որոնք Չինաստան
են եկել թէ՛ ՀՀից, թէ՛ Սփիւռքից: Տարբեր քաղաքներում գտնուող հայ ուսանողները մշտական
կապի մէջ են wechat սոցիալական ցանցի միջոցով:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ
Չինաստանում հայկական
համայնքը ձեւաւորուել եւ կայացել է Ֆրանսիայից, Կանադայից, Աւստրալիայից, ԱՄՆից, Հայաստանից,
Լիբանանից, Սիրիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից եկած հայերի շնորհիւ:
Կարծում եմ, որ
հզօրացող Չինաստանում կարեւոր է ունենալ միաւորուած եւ կարող հայկական համայնք, որը
կը նպաստի Հայկական աշխարհ-Չինաստան կապերի ամրապնդմանը: Փորձը ցոյց է տուել, որ այն
երկրներում, որտեղ հայկական համայնքները կազմակերպուած են՝ ՀՀ եւ հայութեան շահերն
աւելի լաւ են ներկայացուած: Թէեւ Չինաստանում հայկական համայնքը մեծ չէ, բայց ունի
կիրթ եւ լաւ կազմակերպուած մարդկային ռեսուրս: Չինաստանը, իւրայատուկ զարգացող երկիր
լինելով, արտասահմանից մեծ մասամբ աշխատանքի է հրաւիրում արեւմտեան լաւագոյն բուհերի
շրջանաւարտներին կամ նրանց, ովքեր պատրաստ են մեծ ֆինանսական ներդրումներ կատարել:
Լեզուի իմացութիւնն էլ է սահմանափակում Չինաստանում աշխատանք գտնելու հնարաւորութիւնները,
քանի որ Չինաստանում կարելի է աշխատանք գտնել կամ չինարէնի, կամ անգլերէնի գերազանց
իմացութեամբ: Համայնքը համալրում են կամ բարձր որակաւորում ունեցող սփիւռքահայ մասնագէտներն
ու ներդրողները, կամ հայաստանցի ուսանողները, ովքեր սովորել են Չինաստանում: Նրանցից
շատերն ուսումն աւարտելուց յետոյ վերադառնում են ՀՀ, աշխատանք չեն գտնում եւ նորից
մեկնում են Չինաստան: Նրանց մեծամասնութիւնը տիրապետում է չինարէնին, անգլերէնին կամ
ռուսերէնին, նրանք ունեն չինական դիպլոմներ եւ հեշտութեամբ աշխատանք են գտնում, յարմարւում
տեղի կեանքին:
Այսպիսով, Չինաստանի
հայկական համայնքը, լինելով համեմատաբար երիտասարդ ու կրթուած, արագ կազմակերպւում
է, ինչպէս նաեւ փորձում է միաւորել ու առաջնորդել թէ՛ Չինաստանի, թէ՛ Հեռաւոր Արեւելքի
հայկական միւս համայնքները: Հայկական համայնքը Խորհրդականների խորհրդի միջոցով կապուած
է ԱՄՆի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Լիբանանի, Աւստրալիայի հայկական համայնքների հետ:
Տարբեր երկրներից եկած համայնքի անդամները եւս օգնում են յարաբերութիւններ ստեղծել
Արեւելքից Արեւմուտք ցրուած հայկական համայնքների միջեւ: Կարեւոր է նշել, որ համացանցի
զարգացումը նպաստում է աշխարհով մէկ ցրուած հայութեան միաւորման գործին:
«Գլոբուս»
ՄՀԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ,
Նանճինկի համալսարանի միջազգային յարաբերութիւններու ճիւղի թեկնածու է
http://asbarez.com/arm/195910/

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.