թուրքական Taraf-ը հրապարակեց 50 հայ
ընտանիքի պատմությունները Տարածաշրջան Ինչպես արդեն նշել
էինք, երեկ թուրքական Taraf պարբերականը հայտնել էր, որ այսօրվա համարում կհրապարակի
Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի կողմից փրկված 50 հայ ընտանիքի պատմությունները:
Ըստ Taraf-ի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
ընդառաջ Հայաստանի «Armedia» լրատվամիջոցն ու «Եվրոպայի ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը
«100 տարի… իրական պատմություններ. ինձ փրկողը թուրք է» անունով մի ծրագիր է պատրաստել:
Այս ծրագրի շրջանակներում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների իրական պատմությունները
կհավաքվեն մեկ գրքում: Այդ պատմությունները առաջինը կհրապարակվեն Taraf-ում: Ծրագրի շրջանակներում կարողացել են կապ հաստատել
Ցեղասպանությունից փրկված 50 հայ ընտանիքի հետ: Նրանց պատմությունների առանձնահատկությունն
այն է, որ պատմության գլխավոր «հերոսները»
Ցեղասպանությունից ուղղակիորեն փրկվել են թուրքերի ձեռքով, կամ` նրանց օգնությամբ:
50 ընտանիքների հետ արված հարցազրույցները հոկտեմբեր ամսին կհրապարակվեն Հայաստանում,
Թուրքիայում և Անգլիայում, նրանց պատմությունները կհրապարակվել հայերեն, անգլերեն և
թուրքերեն լեզուներով, ինչպես նաև տեղի կունենա ցուցահանդես: Taraf-ը հրապատակել է
ականատեսների ներկայացրած լուսանկարներով հարուստ գրքում տեղ գտած պատմություններից
մի քանիսը…
«Հարևաններն էին օգնում»
Անահիտ Պարտիսպանյանի պատմությունը: Երբ ես ծնվեցի, մեծ հայրս ողջ չէր: Դժբախտաբար
չկարողացա լսել իր հիշողությունները: Ես միայն կարողացա ճանաչել իմ մեծ մորը` Արշալույս
Քանքանյանին: Միշտ պատմում էր Արևմտյան Հայաստանի, իրենց բարեկեցիկ կյանքի ու շքեղ
տան մասին, որտեղից ստիպված արտագաղթել են:
Գաղթի ժամանակ մեծ մայրս եղել է 14, իսկ մեծ հայրս` 20 տարեկան, երկուսն էլ
վանեցի:
Մեծ մայրս շատ գեղեցիկ պատմություններ
էր պատմում իրենց կյանքի մասին: Ինչքան որ ես հասկացա` բարեկեցիկ կյանք, նույնիսկ տան
մեջ սպասուհի և մեծ ունեցվածք են ունեցել, սակայն աքսորի ժամանակ շատ քիչ բան են կարողացել
փրկել: Մեծ մայրս պատմում էր, թե ինչպես էր
իրենց հարստությունները թաքցնում պատերի մեջ և միշտ հույսով էր, որ աքսորվածները մի
օր ետ կվերադառնան: Նա ասում էր, որ իրենց թուրք հարևաններն են փրկել, եթե նրանք չլինեին,
գուցե իրենք ևս ողջ չէին մնա: Աքսորի ժամանակ մի խումբ հայերի հետ գերի են ընկել: Բոլոր
հայերին հավաքել են մի տեղ և կողպել դուռը: Զարմանալիորեն թուրքերը նրանց օգնության
ձեռք են մեկնել: Այս թուրքերը, տեսել են գերի ընկած հայերի ճակատագիրը և ոչ միայն մեծ
մորս, այլ այդ ամբողջ խմբին օգնել են փախչել գերությունից: Մեծ մայրս ասում էր, որ թուրք հարևանների հետ շատ
լավ հարաբերություններ է ունեցել: Իրար կողք են ապրել և իրար նկատմամբ եղել ջերմ: Նա
պատմում էր, որ աքսորի ենթարկված խմբի մեջ է եղել հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի
մայրը…
Մեծ մորս տանը աշխատող թուրք սպասուհիները
շատ հավատարիմ են եղել: Երբ իմացել են հայերի նկատմամբ ցեղասպանության իրագործման մասին,
այդ մասին հայտնել են, որպեսզի վերջիններս կարողանան փախչել: Սակայն, ամեն ինչին զուգընթաց,
մեծ մայրս ևս սարսափելի հուշեր ուներ: Նրանց աչքի առաջ հղի կանանց սրի տակով էին անցկացնում,
գլխատում տղամարդկանց, երիտասարդ աղջիկներին բռնաբարում: Պատմում էր այն մասին, երբ
երիտասարդ աղջիկները իրենք իրենց գցում էին գետը, որպեսզի չհանձնվեն թշնամուն: Այդ
ժամանակ 13-14 տարեկան աղջիկներ ամուսնանում էին, մեծ մայրս էլ 14 տարեկանում է ամուսնացել:
Մեծ հորս հետ եկել և հաստատվել են Երևանում: Իրենց հետ բերած քիչ գումարով հիմնել են
իրենց աշխատանքը: Ունեցել են 3 որդի:
Ծննդավայրի
հանդեպ կարոտը միշտ զգացնել էր տալիս: Մեծ մայրս շատ էր սիրում թոռներին Արևմտյան Հայաստանի
մասին պատմել: Չնայած դրան, որ 14 տարեկանում աքսորվել էր այնտեղից, սակայն մինչև կյանքի
վերջ խոսել է այդ հողերի մասին: Նրա պատմություններով ես զգացի Վանա լճի կարմրուկի
համը, լսեցի Վանի օդի ու ջրի ձայնը: Երևանում հանգիստ կյանքը չէր արգելում նրան հիշել
հարկադրաբար թողած իր տունը: Նա ասում էր` մեծ ընտանիք ուներ, սակայն տեղյալ չէ, թե
բարեկամների հետ ինչ պատահեց: «Մի օր ճանապարհը բացվի, գնամ տունս գտնեմ»,-անընդհատ
ասում էր նա: Սակայն այդ ժամանակ այս մասին մտածելն անգամ անհնար էր: Նա շատ խելացի
կին էր, միշտ կարդում էր: 85 տարեկանում մահացավ, սակայն այդ տարիքում նույնիսկ առանց
ակնոցի էր կարդում:
Մինչև օրս փորձում ենք
մեր բարեկամներին գտնել: Տեխնոլոգիայի զարգացմամբ ավելի հնարավոր դարձավ նրանց գտնելու
մեր հնարավորությունները: Մեր ազգանունը յուրահատուկ է` Պարտիզպանյան: Գիտենք, որ այս
ազգանունը կրողները Արևմտյան Հայաստանից են: Մեր ազգանունով շատերը մեզ հետ կապ են
հաստատում, փորձում ենք գտնել` արդյո՞ք բարեկամներ ենք:
«Բարեկամիս տունը երկար մնալը շատ վտանգավոր էր»
Իզաբելա Չըփլաքյանի պատմությունը Լուսանկարի
փոքրիկ աղջիկը ես եմ, իմ կողքին` մեծ հայրս և մեծ մայրս: Մեծ հորս հետ հուշերը դեռ
թարմ են: Շատ լավ եմ հիշում, երիտասարդ տարիների
մասին չէր սիրում խոսել: Մեծ հորս համար իր կյանքի ամենացավալի հիշողությունները այդ ժամանակահատվածի
դեպքերն էին: Այդ հիշողությունների մասին ցեղասպանության ականատես եղած մեծ մորիցս լսեցինք: Ի տարբերություն
մեծ հորս` Ցեղասպանության մասին խոսելու ուժը
նա իր մեջ գտնում էր:
Մեծ հայրս 1900 թվականին
ծնվել է Յոզգաթում, ուներ եղբայր և մեկ քույր:
Եղբայրները, հայրն ու մայրը, ցեղասպանության ժամանակ դաժանորեն սպանվեցին, իսկ վերջինս փրկվել է թուրք ընկերոջ
միջոցով: Նա որոշ ժամանակ ապաստանել է ընկերոջ
տանը, սակայն այն բանի համար, որ ընկերոջ ընտանիքի
համար ևս վտանգավոր կարող է լինել, երկար չի
մնացել: Որոշ ժամանակ անց նա փախել է Հայաստանի Արարատ շրջանի Երասխ գյուղը:
Մեծ հորս քույրը ևս Ցեղասպանությունից փրկվածներից է, սակայն նրա պատմությունը մանրամասնորեն
չգիտեմ, միայն լսեցինք, որ Բեյրութ է հասել, այն էլ` տարիներ անց: Այդ ժամանակ մեծ
հայրս էլ, իր քույրն էլ տարեց էին: Դժբախտաբար բախտ չվիճակվեց միմյանց տեսնել:
Մեր իսկական ազգանունը Բալջըյան է: Հայաստանի ճանապարհին`
մեծ հորս ազգանունն են հարցրել: Նայելով կիսամերկ մարմնին` մեծ հայրս ասել է,-«չըփլաք
(խմբ.`մերկ) եմ, Չըփլաքյան գրեք» և այդ ազգանունով էլ եկել է Հայաստան:
«Մայրս ասում էր` թուրքերի միջոցով ընտանիքի
տեր դարձա» Էլիզաբեթ Քաթըրջյանի պատմությունը: Իմ ընտանիքին և’ վնաս պատճառողները,
և’ Ցեղասպանությունից փրկողները թուրքերն են եղել:
Հայրս` Խաչիկ Քաթըրջյանը Ջերեխ գյուղից էր, մի
որբ, ում ծնողները կոտորվել էին Ցեղասպանության ժամանակ: Քրոջը` Էլիզաբեթին, ում անունը
ես եմ կրում, փախցրել էին: Հայրս խնամել է քեռուս, իսկ նրա քրոջը` հորեղբայրը: Հորս
մտքում մանկությունից մնացած խորը հետքեր կային: Ցանկանում էր ապրել` առանց որևէ բանի
տեր լինելու:
Երբ մենք արդեն մեծ էինք, մեզ
անընդհատ ասում էր,-«Աղջիկս, ոչինչ պետք չէ: Քնելու համար մի ներքնակը բավարար է ,
որովհետև թուրքերն են գալու…նորից կփախչենք»:
Հետագայում իմացանք, որ նախկինում հարուստ ընտանիք են եղել:
Երբ ինչ-որ բան պետք է պատրաստվեր տանը, ասում
էր,-«Աղջիկս, մեր տանը նման բաները սպասուհիներն էին անում»: Պատմում էր իրենց մեծ
տան մասին և մենք զարմանում էինք: Երբ խոսք էր գնում անցյալից, հայրս ասում էր`«Ա~խ
այդ թուրքերը», իսկ մայրս պատասխանում էր` «Թուրքերի միջոցով ընտանիքի տեր դարձանք»:
Մորս ընտանիքը Քասքալից էր: Նրանց քասքալցի էին
անվանում: Մեծ մորս անունը Սաթենիկ
էր, իսկ մեծ հորս անունը` Հարություն: Իրենց ապրած
թաղամասը Դոդոզներ էին անվանում, այդ իսկ պատճառով իրենց ազգանունը ժամանակի ընթաքում
դարձավ Դոդոզյան: Մայրս` Հայկանուշը, 1914 թվականին է ծնվել: Ցեղասպանության ժամանակ
գյուղից գյուղ են աքսորվել: Աքսորված գյուղերից մեկում գյուղի իմամի 16-ամյա որդին
է դանակարվել: Մեծ հորս անունն են տվել, իբր` նա է դանակահարել: Երբ գյուղացիները եկել
են մեծ հորս ամբողջ ընտանիքին կոտորելու, գյուղի մեծահարուստներից համարվող, մեծ հորս
թուրք հարևանը միջամտել և ասել է,-«Հարությունն այդ ժամանակ այստեղ էր» և նրանք կյանքը
փրկել են: Աքսորից հետո նրանք հայտնվել են
Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մեծ հայրս պատմում էր, որ աքսորի ժամանակ ճանապարհն այնքան
դժվար էր, որ մտածել են մորս մի ծառի տակ թողնել և այդպես շարունակել, սակայն որոշել
են մինչև վերջ միասին շարունակել: Մայրս` Սաթենիկը, սովորել է Սալոնիկի սպրոցում,
1932 թվականին էլ ընտանիքով տեղափոխվել Հայաստան: Մայրս միշտ հիշում էր, որ թուրք հարևանն է իրեն
մեծացրել: Իսկ հայրս գաղթել է սկզբում Հունաստան, հետո` Աթենք ու ապա` Հայաստան: Հայրս
և մայրս Հայաստանում են ծանոթացել: «Փրկել
են հորաքրոջս ընտանիքին և տարել Հայաստանի սահման» Համեստուհի Քենդիքյանի պատմությունը
Ծնողներս ապրում էին Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում: Կոտորածի առաջին ալիքի ժամանակ,
1896 թվականին մեծ մորս աչքերի առաջ սպանել են Գևորգ հորեղբորս և կախել ծառից: Այդ
դեպքից հետո նա ունեցել էր հոգեկան լուրջ խանգարումներ և երկար ժամանակ բուժում ստացել
և մինչև մահ ստիպված եղել առնչվել նման հարցերի հետ: Այնուհետև տարել են մեծ հորս,
երկու հորեղբայրներիս և նրանց բոլոր բարեկամներին: Այդ ժամանակ միայն մնացել է տարիքով
փոքր հայրս` Գևորգը, ով ծնվել է 1904 թվականին և կրել սպանված եղբոր անունը: Մեծ մայրս
պատմում էր, որ Ցեղասպանությունից հետո բոլոր արաբկիրցիները տեղափոխվեցին Հալեպ, այնուհետև`
Բեյրութ: Հայրս պատմում էր իր թուրք ընկերների
մասին, ովքեր օգնում էին իրենց նեղ օրերի ժամանակ: Շատ լավ հիշում եմ նրա ընկերներից
մեկին` Մուսթաթեւիքին: Ասում էի` «Սա ի՞նչ անուն է», հայրս պատասխանում էր` «թուրքի
անուն է»: Տիգրանուհի հորաքրոջս ամուսինը`
Սարգիս Սուրյանը պատմում էր, որ տեղահանության ժամանակ նա զբաղվում էր երկաթագործությամբ`
ձիու նալ պատրաստելով: Ցեղասպանությունից հետո 1924 թվականին իրենց նույնպես վերադարձել
են Արաբկիր, այնուհետև արտագաղթել Հայաստան:
Նրանց թուրքերն են օգնել փախչել: Հորաքրոջս ամուսինը հիշում էր, թե ինչպես իրենց
թուրք ընկերները օգնում էին իրենց` ոսկեղենը լցնելով իրենց գրպանը, գորգերն ու ամբողջ
ունեցվածքները իրենց ջորիներին կապելով` տանում մինչև Արևմտյան Հայաստանի սահմանը:
Թուրքերը ասում էին` «Ոսկեղենը մեր վրա թող լինի: Հարձակման ժամանակ ձեզ կարող են կողոպտել,
իսկ մեզ մոտ ավելի ապահով է»: Ահա այսպես են թուրքերը իրենց ճանապարհել մինչև սահման,
հանձնել ոսկեղենն ու Հայաստան ուղարկել: Երևանում, կինոտան շենքի մոտակայքում մեծ տուն
են գնել և ամբողջ գերդաստանով ապրել այնտեղ: Սեղան 14 անձով են նստել: Հորաքրոջս ամուսինը իրենց օգնող թուրքերին միշտ
երախտագիտությամբ էր հիշում: Ասում էր` «Մեզ տեր էին կանգնում, թույլ չէին տալիս, որ
մեր նկատմամբ ոտնձգություն լինի: Սակայն նրանց հետ մեկտեղ կային սպանողներ, կողոպտողներ,
դաժան և անսիրտ մարդիկ»: Թարգմանությունը`
Արազ Գայմագամյանի Վերադառնալ Թուրքերը մեծ մորս աչքերի առաջ սպանել են հորեղբորս և
կախել ծառից. թուրքական Taraf-ը հրապարակեց 50 հայ ընտանիքի պատմությունները
14:27 07/29/14 Թուրքական Taraf-ը կհրապարակի
Ցեղասպանությունից փրկված 50 հայ ընտանիքի պատմությունները 12:05
07/28/14
Մանրամասները`
yerkir.am կայքում:
http://www.yerkir.am/am/news/71073.htm




Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.