Այսօր պատահմամբ
«Առավոտ» թերթի համացանցային կայքէջում կարդացի
այն հոդվածը, որ հրապարակվել էր սեպտեմբերի 30-ին` կապված Նիցցայի Հայ Առաքելական
եկեղեցու հետ, որտեղ դատարանի որոշումով արգելվում է օգտագործել «հայ առաքելական եկեղեցի»
անունը: Պետք է նշել, որ այդ
եկեղեցին կառուցվել է ցեղասպանությունից ազատված հայ ժողովրդի զավակների արդար քրտինքով։
Շատ զարմանալի է,
որ Ամենայն հայոց կաթողիկոսը այս եկեղեցու համայնքը պառակտելով հեռացրել է հայ Առաքելական
եկեղեցու ընտանիքից` կոչելով նույն իսկ «ոչ առաքելական»:
Այստեղ ուզում եմ
Քրիստոսի պատմած կորուսյալ ոչխարի առակը հիշեցնել Գարեգին Բ կաթողիկոսին, երբ հովիվը,
իր իննսուն ինը ոչխարները թողած, գնաց փնտրելու մեկ կորած ոչխարը: Նաև պետք է հիշել
Քրիստոսի խոսքը. «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»։ Բայց Նիցցայի պարագային
«հովիվը» մի ամբողջ հոտ վտարեց և մոռանալով Պողոս Առաքյալի խոսքերը` ոչ քրիստոնյա դատավորների
միջոցով նաև հալածում է ոչխարներին։
Այդ հոդվածում նաև
կարդացի այն վերջին հատվածը, ուր արդեն հատվածականություն և պառակտում են սերմանում
հայ ժողովրդի մեջ` ցեխարձակելով երկու «թուրքահայերի»` Սամսոն Օզարարատին և Կիրկոր Աժդերհանյանին որպես
ազգային դավաճաններ` առանց իմանալու, որ այս երկու հայորդիները ինչ-ինչ գործեր են կատարել
մեր ժողովրդի համար:
Փոքր ճշգրտումով կուզենայի
տեղեկացնել, որ Սամսոն Օզարարատն այն հայազգի զավակն է, որ լինելով Նիցցայի «SOS Արմենիա»-ի
նախագահը` մեծ օգնություններ է բերել Հայաստանի համար:
Ավելին` ինքն այն
անձնավորությունն է, որին ցեղասպան Ջեմալ փաշայի թոռը բերեց Հայաստան և ընդունելով
մեծ եղեռնը ու հայոց ցեղասպանությունը` ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդում։
Գալով Կիրկոր Աժդերհանյանին`
նա Նիցցայի հայկական «Պարսամյան» ամենօրյա դպրոցի վարչության նախագահն է։ Իսկ ինչ վերաբերում
է դասագրքերին, սույն դասագրքերը տպված են Պոլսում արևմտահայերեն լեզվի ուսուցման համար:
Բոլոր օրինակների
վրա առաջին իսկ օրից Sticker-ով փակցված է եղել թուրքական դրոշը։
Բավական է զրպարտանքներով
ու սխալ տեղեկություններով ողողել հայ ժողովրդի ուղեղը: Մենք գիտենք, որ թերթը պիտի
ճիշտ և անաչառ լինի իր տված տեղեկությունների մեջ: Հերյուրանքներով հերիք է խաբեք մեր
ժողովրդին ու պառակտում գցեք հայ ժողովրդի մեջ,` հատվածականություն ստեղծելով անվանեք
«թուրքահայ», «ֆրանսահայ», «Ղարաբաղի հայ», «Հայաստանի հայ» ևն:
Մենք բոլորս էլ մեկ
ազգի ու մեկ եկեղեցու զավակներ ենք, և եթե ազգի ու եկեղեցու ղեկավարությունը մեզ չի
կարողանում համախմբել, դա իրենց տկարությունից է:
Ափսոս, որ օտար հողի
վրա հայ ժողովուրդը հալածվում է իր իսկ հայրապետի կողմից, որն օգտագործում է օտարազգի
դատավորներ իր իսկ զավակների դէմ` ծախսելով ահռելի գումարներ, երբ մեր մայր հայրենիքում
ժողովուրդը օրվա հացի կարօտ է։
Ամոթ մեր եկեղեցական
ու քաղաքական ղեկավարությանը. ո՞ւր եք տանում հայ ժողովրդին` ձեր քմահաճույքը գոհացնելու
համար։
Օննիկ Չոպանյան
Ֆրանսիա
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.