Ներկայացնում ենք
"Արմեդիա" ՏՎԳ բացառիկ հարցազրույցը թուրք մտավորական, գրող-հրապարակախոս,
ակտիվիստ Սաիթ Չեթինօղլուի հետ: Հարցազրույցի բնագրին անգլերենով կարող եք ծանոթանալ
այստեղ:
Սաիթ Չեթինօղլու, թուրք մտավորական, գրող-հրապարակախոս,
ակտիվիստ
- Պարո՛ն Չեթինօղլու,
Դուք հայտնի եք որպես ակտիվիստ և Թուրքիայում Ազատ համալսարանական համակարգի հիմնադիր,
որը գրքույկներ է հրատարակում՝ ներկայացնելով Թուրքիայի իրական և ոչ խեղաթյուրված պատմությունը:
Ի՞նչն առիթ հանդիսացավ նման նախաձեռնության համար:
- Իրականում ես
Ազատ համալսարանական համակարգի հիմնադիրը չեմ, ես պարզապես իմ ներդրումն եմ ունեցել
դրա բացման գործում և այժմ այդ համալսարանի հետազոտողների ընկերակցության անդամ եմ:
Համալսարանի առաքելությունը հետևյալ կերպ է ձևակերպված. "Հակառակ շատ սահմանված
մեկնաբանությունների՝ Օսմանյան կայսրությունից Հանրապետության անցման ժամանակահատվածում
երկրի ղեկավար դասի մոտ կառավարման վերաբերյալ մտածելակերպի ոչ մի արմատական փոփոխություն
տեղի չունեցավ: Փաստացիորեն հանրապետությունը որդեգրեց ամենամռայլ գործելաոճը, որ կարելի
էր պատկերացնել, նրա պաշտոնական գաղափարախոսությունը ենթարկվում էր հրահանգավորման,
ինչը կանխում էր անկախ մտքի և հաստատությունների առաջացումը": Այսպիսով՝ մեր նպատակն
էր հարցականի տակ դնել պաշտոնական պատմությունը, որը դարձել է երկրի գաղափարախոսական
գործիքը: Մենք ցանկանում էինք ազատագրել ճշմարտությունը, ազատագրել մեր մտքի բանտից:
Մենք ցանկանում էինք անհատների մոտ ազատ մտածելակերպ զարգացնել:
- Իսկ ո՞րն է Ձեզ
համար Թուրքիայի իրական պատմությունը:
- Թուրքիայի Հանրապետությունը
բուֆերային երկիր է, որը ստեղծվել է այն բանի արդյունքում, որ գաղութատեր Բրիտանական
կայսրությունն ու Խորհրդային Միությունը չէին ցանկանում ընդհանուր սահման ունենալ:
Այս գործընթացում Թուրքիան առավելագույնս օգտագործեց իրական քաղաքականության և իր աշխարհաքաղաքական
դիրքի ընձեռած հնարավորությունները հզորանալու նպատակով: Շնորհիվ ձեռք բերված այդ հզորության՝
նա կարողացավ ագրեսիվ կերպով մերժել Ցեղասպանությունը, ինչը Ցեղասպանության շարունակությունն
է այլ իմաստով, և այս արշավը վերածեց տևական "ստատուս քվո"-ի:
Եթե Մալթայի դատավարություններն
ընթանային այն կերպ, ինչ ձևով դրանք ընթացան Նյուրնբերգում, մեր զրույցն այսօր բոլորովին
այլ կլիներ:
- Դուք բազմիցս
եք խոսել Հայոց Ցեղասպանության մասին: Ի՞նչ է այն Ձեզ համար նշանակում, ե՞րբ առաջին
անգամ լսեցիք Ցեղասպանության մասին, և ի՞նչը ստիպեց Ձեր ամբողջ կյանքը, ինչպես Դուք
եք ասում, "նվիրել այդ չարիքի բացահայտմանը":
Ցեղասպանության
մասին ես առաջին անգամ տեղեկացա շատ վաղ հասակում: Ես մեծացել եմ այնտեղ, որտեղ հայերի
և պոնտացի հույների Ցեղասպանությունն է իրականացվել: Ճանաչել եմ "անհավատ հարսնացուների",
ականատես եմ եղել այն ողբերգություններին, որ թափվել են նրանց գլխին: Ճանաչել եմ նաև
Ցեղասպանության մեղավորներին: Լսել եմ՝ ինչպես են պատմում ջարդերի մասին, որ իրենք
են իրականացրել` դրանց տալով հերոսական պատմվածքների երանգ:
Երբ բանտում էի,
տեղեկացա, որ որոշ տարածքների համար վեճեր են ընթանում: Զուգահեռներ տանելով՝ մի օրինաչափություն
նկատեցի. տարածքների համար ամենաուժգին պայքարը, որը մեծ թվով սպանությունների պատճառ
էր դարձել, տեղի էր ունենում հենց այն վայրերում, որտեղ էական թվերով հայ և պոնտացի
հույն բնակչություն է ապրել: Այս տարածքներում պետությունն ամենախոշոր հողատերն էր:
Հողերի բռնազավթման շատ պատմություններ եմ լսել, որ հենց իրենք` իրականացնողներն են
պատմել: Որքան շատ էի լսում "Լքված Գույք" կոչվող լայնածավալ կողոպուտի դեպքերի
մասին, այնքան այդ պատմություններն ականջիս սովորական էին հնչում:
Այն ամենը, ինչ
ես լսել եմ, սկզբից մինչև վերջ անարդարություն է: Եվ այն հիմնական արժեքներից մեկը,
որը ես ընկալեցի դեղ վաղ տարիքից, այն էր, որ մարդ պետք է պայքարի անարդարության դեմ՝
դա համարելով իր պարտքը մարդկության հանդեպ:
- Որպես անձնավորություն,
ով ապրում է Թուրքիայում, կարո՞ղ եք նկարագրել, թե ինչպիսին է Թուրքիայի բնակչության
վերաբերմունքը հայերի, Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ:
- Ինչպես ես եմ
նկատել, գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հասկանում է, որ ինչ-որ տարօրինակ
բան է տեղի ունենում, բայց նրանց միտքը պաշտոնական գաղափարախոսությամբ և պատմությամբ
այնքան է մշուշված, որ նրանք անկարող են հարցեր տալ: Եթե նրանք կարողանային հարցեր
տալ, ապա շատ ժամանակ չէր պահանջվի, որպեսզի հասկանային, թե ինչ է տեղի ունեցել: Այդ
դեպքում նրանց համար սա կդառնար խղճի հարց:
Օրինակ՝ մարդիկ
մտածում են, թե իրենք կոնկրետ տվյալ վայրից են` գյուղից, քաղաքից, և այլն: Բայց նրանց
հայրերն ու պապերը թաղված չեն այդ վայրի գերեզմանոցում: Նրանք չեն հետաքրքրվում, թե
ինչու: Եթե հետաքրքրվեին, ապա կբացահայտեին, որ իրենց պապերը մարդասպաններ, գողեր են
եղել: Սա է ամենածանր մասը: Այսպիսով՝ ի՞նչ ես անում: Թաքցնում ես, ժխտում:
Մեկ այլ տարօրինակ
բան. կան մարդիկ, ովքեր ընդհանրապես հարազատներ չունեն, ում կճանաչեին, և չեն էլ հարցնում,
թե ինչու: Տպավորություն է, որ նրանց արագիլն է բերել: Եթե սկսեն փորել, կհասկանան,
որ հայ կամ հույն որբերի ժառանգներ են: Եվ այստեղ ստեղծվում է մեկ այլ տհաճ իրավիճակ.
դու հանկարծակի դառնում ես մեկը, ում վերևից էիր նայում:
- Այս պարագայում
ինչպե՞ս է Թուրքիայի հասարակությունը տեսնում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը:
- Ի պատասխան այս
հարցի՝ ես կցանկանայի անդրադառնալ "Վարդան" հյուրանոցի դեպքին, որը տեղի
է ունեցել Վանում: Ամերիկայի քաղաքացի Վիկտոր Բեդոյանը Վանում մի հյուրանոց էր ցանկանում
գնել ("VK Express" ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 20%-ն իրեն է
պատկանում) և աշխատեցնել այն` զբոսաշրջությունը զարգացնելու համար: Սա մի անասելի ակցիաների
պատճառ դարձավ. հայերը սկսում են տիրել Վանին: Բեդոյանը հայերեն չէր խոսում: Նա ամուսնացած
չէր հայի հետ: Հյուրանոցը նրա տղայի՝ Վարդանի անունով էր:
"VK
Express" ընկերությունը չկարողացավ գտնել մեկին, ով դատարանում կպաշտպաներ իր
շահերը: Վանում որևէ փաստաբան չվերցրեց այս ընկերությանը՝ որպես հաճախորդի: Այդ ժամանակվա
ԱՄՆ պետքարտուղարը ստիպված էր միջամտել՝ խնդրանքով, որ ԱՄՆ քաղաքացու շահերը հարգվեն:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստիպված էր յոթ անգամ Վան գնալ՝ հետևելու գործի ընթացքին:
Վերջում գործը փակվեց առանց հետագա միջադեպերի, սակայն այդ գործընթացում ընկերությունը
1 մլն դոլարի կորուստ ունեցավ:
Ինչպես հայտնի
է, Վանն այսօր "Ժողովրդադեմոկրատական" և "Արդարություն և զարգացում"
կուսակցությունների (նրանք կիսում են իշխանությունը տեղական և կենտրոնական մակարդակով)
համար ընտրաձայներ ստանալու վստահելի շրջան է: "Ժողովրդադեմոկրատական" կուսակցությունը
վերջերս Թուրքիայի խորհրդարան մի օրինագիծ է ներկայացրել, որով կոչ է արվում ճանաչել
Հայոց Ցեղասպանությունը: Բայց ամբողջ հարցը այն է, թե ինչ է իրականում փոխվել 2001թ.-ից
մինչ օրս:
Էրդողանին, ով
վերահսկում է իշխող կուսակցությունն ազգային մակարդակով, և Օջալանին, ով տեղական մակարդակով
իշխանություն ունի, միավորում են հակահայկական տրամադրությունները: Առաջինն իր խոսքում
օգտագործում է ձևակերպումներ, որոնք ցույց են տալիս նրա քամահրանքը հայերի նկատմամբ,
երբ արտասանում է "հայ" բառը: Միաժամանակ Օջալանը խոսում է "հայկական
լոբբիի" և "իսլամի հազարամյա եղբայրության մասին" (քրդերի և թուրքերի
միջև՝ ընդդեմ հայերի): Այս զուգամիտվող հռետորաբանության համապատկերին, իսկապես, բառեր
չեմ գտնում արտահայտվելու:
Վերջին օրերին
խոսակցություններ են գնում "ազգային ուժերի ոգին" վերականգնելու մասին՝ վկայակոչելով
այն աշխարհազորայիններին, ովքեր ակտիվ դեր են ունեցել հանրապետության հիմնադրման գործում:
Սա չարագուշակ ստվեր է գցում մեր ապագայի վրա: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մեր
հետևում այս ամենը նախապատրաստվում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Խոսելով Վան գավառի
և այնտեղ տեղի ունեցածի մասին՝ կցանկանայի խոսել նաև Սևան Նիշանյանի՝ նշանավոր հայ
մտավորականի մասին, որի հանցանքն այն էր, որ լքված "Չիրքինջե" (թարգմանաբար
նշանակում է Տգեղ վայր) անվամբ հելլենական գյուղն իր ինքնուս ճարտարապետական հանճարով
վերափոխեց "Շիրինջե"-ի (Հաճելի վայր), ինչպես որ այն այժմ կոչվում է: Սևանն
այժմ բանտում է, և չգիտենք, թե որքան կմնա դեռ այնտեղ: Նրա դեմ առաջադրված մեղադրանքների
հիման վրա բարձրագույն դատարանների որոշումների համաձայն՝ երևի թե ընդհանուր առմամբ
17 տարի:
Ես և նա 2011թ.-ի
ձմռանը Վան գնացինք՝ սկսելու մի ծրագիր, որի մասին նա երազում էր՝ նորից շունչ հաղորդել
պատմական Հայաստանի հնագույն հայկական գյուղերից մեկին: Նա մտադիր էր վերականգնել այդ
գյուղը՝ օգտագործելով ավանդական հայկական ճարտարապետությունը՝ այսպիսով վերականգնելով
գյուղի կյանքն այնպես, ինչպես այն 100 տարի առաջ էր: Նրա համապատասխան փորձը, էլ չեմ
ասում խիզախության մասին, օգնեցին նրան Շիրինջեում նախաձեռնել ծրագիրը:
Այն տեղանքը, որը
նա ընտրել էր իրականացնելու համար իր երազանքը, հայկական մի հին գյուղ էր (նախկինում
կոչվել է Գանձակ, իսկ թուրքական անվանումն է "Ալթընսաչ"), որի ավելի ճշգրիտ
տեղանքը "Մեզըր" կոչվող փոքր բնակավայրն է (38 25’ 11’’ N, 42 53’ 28’’
E), որը Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ (Գանձակ) գյուղի հետ ունի վարչական կապ: Վանում
մենք հանդիպեցինք պաշտոնյաների, կուսակցության անդամների հետ: Ինչպես Սևանն էր ասում.
"Մենք շրջեցինք գյուղով: Գյուղապետի տղայի հետ մի քանի անգամ անցանք ծրագրի նախաբանի
վրայով": Թվում էր, թե այս գաղափարը բոլորի սրտով էր, սակայն որևէ կոնկրետ կետի
չէինք հասնում: Նախագծի առաքելությունը հետևյալն էր.
Հայերի համար այն
օղակ կհանդիսանար՝ պահպանելու իրենց էմոցիոնալ կապը հայրենիքի հետ, թույլ կտար երիտասարդ
սերունդներին ծանոթանալ իրենց նախահայրերի ակունքներին, մեղմել իրենց մեջ արմատավորված
նախապաշարմունքները Թուրքիայի և թուրքերի նկատմամբ: Այս վայրը զբոսաշրջիկ հայերի համար
կդառնար հետաքրքրության մի վայր՝ տուն տանից հեռու:
Տեղի բնակչությունն
այս ծրագրով հնարավորություն կստանար ճանաչել և հաղորդակցվել հայերի հետ, ովքեր տարիներ
շարունակ ընկալվել են որպես "թշնամիներ": Կազմակերպվող կոնֆերանսները, սեմինարները,
համերգները, ներկայացումներն ու նման այլ միջոցառումները կաշխուժացնեին մշակութային
կյանքը: Հետագայում այս չափազանց աղքատ շրջանը էական տնտեսական օգուտներ կստանար:
Թուրքիայի Հանրապետության
համար սա մի "նրբագեղ" ճանապարհ կլիներ՝ առերեսվելու Հայկական հարցի հետ
առանց դեմքը կորցնելու: Այն մարդիկ, ովքեր դուրս էին քշվել այստեղից, կլսեին ուղերձը՝
"Սա ձեր հայրենիքն է, և ձեզ այստեղ միշտ ուրախ են": Այսպես նրանք խորհրդանշական
մի հող կստանային՝ մի տուն տանից հեռու: Ամբողջ աշխարհը կընկալեր այն որպես "խաղաղության
ժեստի" մի էական մասնիկ, որն այդքան երկար սպասվում էր Թուրքիայից:
- Ի՞նչ եք կարծում,
ինչպե՞ս հնարավոր կլինի հասնել հայ և թուրք հասարակությունների մերձեցմանը ու խնդրի
հաղթահարմանը:
- Առաջին հերթին
պետք է հասկանալ, որ ժամանակակից Թուրքիան ստեղծվել է Ցեղասպանության ընթացքում ձեռք
բերված տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ օգուտների հիման վրա: Պետք է նաև հասկանալ,
որ հարևան Հայաստանը դեռևս զգում է տարածքի, կարգավիճակի և ուժի կորստի հետևանքները,
որը Թուրքիայի և Հայաստանի միջև ստեղծել է անհամաչափ հարաբերություններ:
Այս հարաբերություններն
անբնական են և ամրագրվել են Ցեղասպանության միջոցով: Թուրքիան և ընդհանրապես ամբողջ
աշխարհը որևէ ջանք չեն գործադրել՝ ուղղելու այս իրավիճակը:
Երկրորդ՝ պետք
է հասկանալ, որ այս իրավիճակի մեղավորները հայերը չեն: Մեղավորները Առաջին համաշխարհայինի
պատերազմող կողմերն են, այդ թվում Թուրքիան և նրա մահմեդական ժողովուրդները: Անարդարությունը
դեռ շարունակվում է:
- Ի՞նչը կարող
է Թուրքիային ստիպել ի վերջո ճանաչել Ցեղասպանությունը:
- Կարևորագույն
հարցն այն է, թե ինչպես է մարդ առերեսվում արդարությանը: Հայոց ցեղասպանության կամ
1915թ.-ի դեպքերի բարոյական շահագործումը այն ամենամեծ խոչընդոտներից է, որը խանգարում
է խնդրի լուծմանը: Սկսած ընտանիքից՝ որպես ամենափոքր միավոր, կրթական, իրավական և տնտեսական
շրջանակների աջակցությամբ ողջ հասարակությունն ուղղորդված է եղել դեպի պատմական սխալի
ստվերում, աղավաղում, ինչն ամրապնդել է թյուր ընկալումը` դարձնելով այն հարատև:
Երբ քո հղման շրջանակը
սխալ ընկալումն է, դու չես կարող տարբերակել բարոյականը ոչ բարոյականից, չես կարող
լինել արդար, չես կարող հասնել նրան, թե ինչ է պատմական անարդարությունը, ինչը հենց
Ցեղասպանությունն է: Այդ իսկ պատճառով, այստեղ մենք գործ ունենք հասարակական բարոյական
արժեքների խնդիրների հետ:
- Հայոց Ցեղասպանության
մասին խոսելիս Դուք հետևյալ հարցադրումն եք հնչեցրել. "Երբևէ հարցրե՞լ եք թուրք
մտավորականներին, թե որտեղ են եղել նրանց նախնիները 1915թ.-ին": Իսկ Դուք կպատասխանե՞ք
Ձեր այս հարցին:
- Ես չեմ հոգնի
այս հարցը տալուց: Ամեն ինչ թաքնված է սրա պատասխանի մեջ: Վերցնում են տնտեսությունը,
ոչնչացնում բնակչության 30-35%-ն ու փոխանցում նրանց ունեցվածքն ուրիշներին, և այդ
ուրիշները չեն ամաչում այս ամենից:
Պարզ է, որ Ցեղասպանության
արդյունքում հասարակ հանցագործները աներևակայելի ունեցվածքի տեր դարձան, և սա նրանց
ընդհանրապես չի մտահոգում:
Երբ գնում ես Եվրոպա
և հանդիպում մեկին, ով ասում է. "Ես պատասխանատու չեմ այն ամենի համար, ինչ իմ
պապն է արել", դա բավարար է այդ մարդուն նացիստ անվանելու համար:
Այսպիսով՝ պատմական
հայկական հողերը թուրքական համարելը, դրանք Քուրդիստան անվանելը հավասարազոր է Ցեղասպանություն
ոճրագործության պտուղները քաղելուն: Սա նշանակում է, որ դու համաձայն ես պատմական Հայաստանը
գաղութացնելու հետ:
Պատասխանատու և
ճիշտ մոտեցումը պահանջում է, որպեսզի հրաժարվես Ցեղասպանության արդյունքում ձեռք բերված
ավարից:
Զրուցել է Գրետա
Ավետիսյանը

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.