Հոկտեմբերի 24-ին Նյու Ջերսիում տեղի կունենա ՀՀ վաստակավոր
արտիստ Նունե Եսայանի և պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի համերգը՝ «Կանք, պիտի լինենք
ու դեռ շատանանք» խորագրով: Համերգին կմասնակցեն նաև Համազգայինի «Նաիրի» պարախումբը
և «Արեգա» երգչախումբը:
«Այս հրավերն ինձ համար շատ մեծ պատիվ է և ուրախություն: Իսկ
Նունե Եսայանի պես հիասքանչ երգչուհու հետ նույն բեմում ելույթ ունենալն ինձ մեծ հուզմունք
է պատճառել»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Սիբիլը:
Եթե Նունե Եսայանը կատարելու է երգեր, որոնք ներկայացնելու են
100 տարվա մեր անցած ճանապարհը (Ցեղասպանության ժամանակ գրված երգեր, ոտքի կանգնելու
երգեր, խաղաղ ժամանակների՝ 60-70-ական թվականների և Արցախյան հաղթանակի մասին երգեր),
ապա պոլսահայ երգչուհի Սիբիլը կկատարի իր երկու ալբոմներում ընգդրկված երգերն ու հայրենասիրական
մի քանի կատարումներ:
«Յուրաքանչյուր համերգի ժամանակ սիրտս հուզմունքով և ուրախությամբ
է լցվում: Ինձ համար նմանատիպ ձեռնարկների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն
է, որ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում: Համերգը վերջանում է, բայց ժողովրդի և արվեստագետների
միջև հաստատված անքակտելի կապն ու սերը միշտ թարմ է մնում»,- նշում է պոլսահայ երգչուհին:
Հավելենք, որ համերգը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության
և Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի Արևելյան շրջանային վարչության
և Նյու Ջերսիի և Նյու Յորքի մասնաճյուղերի աջակցությամբ:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.