Նյու Ջերսիում կայացած ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի և
պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգի
արձագանքները շարունակվում են: Այս անգամ «Հայերն այսօրի» հետ իր տպավորություններով
է կիսվել սիրված երգչուհի Սիբիլը.
«Նյու Յորքի Bergen Performing Arts Center-ում հազարից ավելի
հանդիսատեսի ներկայությամբ կայացած համերգը շատ ջերմ և լավ մթնոլորտում անցավ, որին
առանձնահատուկ փայլ հաղորդեցին Համազգայինի Արեգա երգչախումբը և Նաիրի պարախումբը:
Իսկ հանդիսատեսն իր ջերմ ծափողջույններով և շնորհավորանքներով ուրախացրեց ինձ:
2012 թվականին էի ԱՄՆ-ում ելույթ ունեցել՝ CARS հանձնախմբի կազմակերպմամբ: Երեք տարի
անց Համազգայինի կողմից ստացած այս առաջարկը մեծ երջանկություն պարգևեց ինձ»:
Երեկոյի ընթացքում Սիբիլի կատարմամբ հնչել են «Սիբիլ» և «Սեր»
ալբոմներից ընտրված երգեր, ինչպես նաև հայրենասիրական մի քանի կատարումներ:
Համերգին հաջորդող օրերին Սիբիլը և Նունե Եսայանը մի շարք հանդիպումներ
են ունեցել.
«Համազգայինի մի քանի անդամների հետ Նունե Եսայանը և ես այցելեցինք
Հովնանյան վարժարան, զրուցեցինք դպրոցի աշակերտների, տնօրենի և ուսուցիչների հետ: Այցելեցինք
աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի արվեստանոց. վերջինս մեզ շատ ջերմ ընդունեց: Այնուհետև
գնացինք Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճար, որի շրջաբակում տեղադրված է Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցին նվիրված քանդակը, որի հեղինակը Մայքլ Արամն է: Ծանոթացանք Գերշ. Տ.
Սիմեոն Ծ. Վրդ. Օդաբաշյանի հետ:
Այցելեցինք նաև Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևելյան
թեմի Առաջնորդարան, որտեղ մեզ հյուրընկալեցին Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը
և Առաջնորդական Փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը։
Հնարավորություն ունեցա նաև ծանոթանալու Համազգայինի խմբի անդամների
հետ: Շատ հաճելի էր ամեն ինչ»:
Սիբիլը նաև հավելեց, որ հանդիպումների ընթացքում խոսվել են նաև
ապագա ծրագրերի մասին.
«Ես մեծ ոգևորությամբ և սրտի թրթիռով եմ վերադարձել տուն: Անչափ
հուզված էի սիրալիր և անկեղծ վերաբերմունքից»:
Հավելենք, որ համերգը կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության և
Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի Արևելյան շրջանային վարչության
և Նյու Ջերսիի և Նյու Յորքի մասնաճյուղերի աջակցությամբ:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.