Etiketler

Կաթողիկոսն ընդամենը մատերիալ է սարքում

Սիրանույշ Պապյան
Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի հետ զրուցել ենք Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականից, հայ համայնքի վրա դրա թողած ազդեցությունից:Աշխեն, Ֆրանսիայի հայկական համայնքն ինչպե՞ս արձագանքեց Նորվան սրբազանի հրաժարականին:


Նախևառաջ պետք է նշեմ, որ Նորվան սրբազանը Ֆրանսիայում շատ հարգված և սիրված հոգևորական է, և բոլորի համար շատ անսպասելի էր նրա հրաժարականը, հատկապես այն դեպքում, երբ նոյեմբերին նրա առաջնորդական շրջանն ավարտվում էր, և նոր ընտրություններ էին լինելու: Հիմա ժողովուրդը շոկի մեջ է, անսպասելի որոշում էր սրբազանի կողմից, հատկապես շոկ է առաջացրել պատճառը: Նամակում սրբազանն իր վիրավորանքն է հայտնում կաթողիկոսին, թե ինչու հրաժարվեց: Թեև դրան հաջորդեց պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ շատ են զղջում կատարվածի համար, հույս հայտնեցին, որ Նորվան սրբազանը կարող է մտափոխվել, բայց ոչ: Հիմա առավել կարևոր է շարունակությունը, հետևանքները, թե ինչ կլինի սրբազանի որոշումից հետո, պետք է տեսնենք՝ եկեղեցում ինչ շարունակություն պետք է ունենա, ո՞վ պետք է գա նրա փոխարեն, ո՞ւմ պետք է ընտրեն: Ահա սա է, որ այսօր համայնքին ամենաշատն է հետաքրքրում՝ արդյոք կգա մեկը, ով Ֆրանսիայի համայնքի կողմից ճանաչված է և հարգված է, թե պետք է բերեն մեկ այլ սրբազանի, ում նոր պետք է ճանաչենք և ով խնդիրներ պետք է ունենա, ինչպես  ունեցավ Նորվան սրբազանը Նիսի եկեղեցու դեպքում: Այնպես որ, այստեղ իրավիճակը լարված է: Այսօր բոլորը սպասողական վիճակում են:

Ինձ ոգևորեց Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակը, որտեղ նա ներկայացնում էր, թե ինչ է տեղի ունենում իրականում, որ այսօր եկեղեցին չի ներկայացնում իրական հոգևոր աշխարհը, և այսօր եկեղեցին փլվում է, մինչդեռ այն մեր մշակույթի շատ կարևոր մի մասն է, որն իր հավաքական դերակատարությունը պետք է ունենար: Եվ շատ վատ է, որ հոգևոր աշխարհի՝ անչափ հարգված ներկայացուցչին վիրավորում են բոլորի ներկայությամբ այնպես, որ նա ստիպված է հրաժարական տալ: Կարծում եմ՝ սրբազանի ցուցաբերած կեցվածքը պետք է օգտակար լինի շարունակության համար, և գոնե պետք է փոխվեն այս մոտեցումները, այսինքն՝ հոգևորականը պետք է լինի իրական հոգևորական, և ոչ թե մեկը, ում ոչ հավատում են, ոչ հարգում:

Ամեն վեհափառ էլ իր առավելությունները, իր լավ և վատ կողմերն ունի, և մենք իրավունք չունենք դատելու, բայց իրենք ինչ իրավունք ունեն մյուս հոգևորականի վիրավորել, ինչ իրավունք ունի վեհափառն այսօր մեկ այլ հոգևորականի վիրավորել, որը երկար տարիների սրբազան է, հարգված հոգևորական, և այսօր համայնքում որևէ մեկը չի կարող Նորվան սրբազանի մասին որևէ վատ բան ասել, այնպես, ինչպես մենք լսում ենք Նավասարդ Կճոյանի մասին, թե ինչքան փող ունի, ինչ կյանքով է ապրում:

Այսինքն` որպես առաջնորդ նա համե՞ստ կյանքով է ապրել:

Այո, շատ համեստ, նա շատ դեմոկրատ հոգևորական է և լուրջ հոգևորական: Նրա նպատակը հոգևոր աշխարհն է, հայոց լեզուն է, դրա պահպանությունը: Նա նոյեմբերին պետք է գնար թոշակի, և ուրեմն ինչքան է լցվել համբերության բաժակը, որ չկարողացավ մի քանի ամիս էլ դիմանալ: Կաթողիկոսը չպետք է վիրավորեր նրան, մի հոգևորականը չպետք է վիրավորի մյուս հոգևորականին, այն էլ Եվրոպայի ամենատարեց հոգևորականին: Եվ հիմա նորն արդյոք պետք է ընդունվի, թե՞ պետք է Կանադայի  համայնքի օրինակով, թե ինչպես ոտքի կանգնեցին ի պաշտպանություն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, այստեղ էլ պետք է ընդվզեն:

Հնարավո՞ր է այդտեղ էլ լինի բողոքի ակցիա, ստորագրահավաք, ինչպես Կանադայում, եթե հանրությունը չընդունի թեմի նոր առաջնորդին:

Շատ հնարավոր է: Խոսակցություններ կան, որ կարող է Մարսել քաղաքի սրբազանին բերեն, որը կարծեմ մեկ թե երկու տարի է, ինչ եկել է Էջմիածնից: Երևի պետք է լավ մտածեն, թե ում են բերում: Շատ հնարավոր է այստեղ էլ սկսվի ստորագրահավաք:

Աշխեն, Նորվան սրբազանի հրաժարականից հետո կաթողիկոսի նկատմամբ վստահությունը նվազե՞լ է:

Վստահ կարող եմ ասել, որ նվազել է: Նա համայնքում Վազգեն Առաջինի չափ երբեք հարգված չեղավ: Ինքն այն անձնավորություն չէ, որ Վազգեն Առաջինի պես հարգված վեհափառ լինի: Շատերը պարզապես վախենում են արտահայտվել, բայց մի մեծ հատվածն էլ խոսում է այն մասին, որ թեև նա եկեղեցիներ է կառուցում, բայց դա չի խոսում իր հոգևոր հարստության մասին: Ինքը մատերիալ է սարքում, մինչդեռ հոգևոր աշխարհն է կարևոր, քանի որ ամբողջ մեր մշակույթը այսօր վտանգի մեջ է, լինի սփյուռք, թե Հայաստան:

Նիսի հետ որքանո՞վ է կապված Նորվան սրբազանի հրաժարականի հարցը:

Անյտեղ լավ չէ վիճակը, ես մանրամասներ չգիտեմ, բայց այնտեղ երկու կողմերն էլ սխալ են: Նիսում ծայր առած խնդիրները հանգեցրին ամենավատ բանին, որ մեր սրբազանը հրաժարվեց: Շատ վատ է, որ Նիսում շարունակվող խնդիրները շատ վատ անդրադարձան Ֆրանսիայի հոգևոր առաջնորդի գործունեության վրա:

Եկեղեցի-հայ համայնք կապն ինչքանո՞վ է սերտ:

Անշուշտ, այստեղ Հայաստանի պես ամեն կիրակի պատարագների չեն գնում, բայց կարևոր տոներին եկեղեցին միշտ բաց է, միշտ ներկայացված է համայնքի կարևոր իրադարձություններին: Այսինքն՝ եկեղեցին համայնքի շատ կարևոր մի մասն է, քանի որ այն ներկայացնում է մեր պատմությունը, և եթե նույնիսկ ամեն կիրակի չեն գնում եկեղեցի աղոթելու, այնուամենայնիվ, այն մեր մշակույթի մի մասն է: Ամեն անգամ, երբ ինչ-որ բան է պատահում համայնքի մեջ, սրբազանը միշտ ներկա է, այնպես որ սփյուռքահայությունը շատ մեծ կարևորություն է տալիս եկեղեցուն, որը մեր մշակույթի մի մասն է: Ինչքան կարևոր դերակատարություն ունի դեսպանությունը Ֆրանսիայում, այնպես էլ եկեղեցին, որը դեսպանությանը հավասար է սփյուռքահայության համար, և մենք կարևորում ենք այն:

- See more at: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/86793#sthash.TeG43KjW.dpuf



Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.