Մամուլի հաղորդագրություն. 02.03.2014թ. - Ս.թ. ապրիլի 2-ին Երևանում տեղի ունեցավ Աուտիզմի
իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ, որը կազմակերպել էր «Աուտիզմ ազգային
հիմնադրամը» ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ, Երևանի քաղաքապետարանի
և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
Քայլարշավին մասնակցեցին ավելի քան հարյուր
աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ
և ուսուցիչներ, ինչպես նաև հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ և արտերկրից
ժամանած հյուրեր:
«Աուտիզմ ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանում
շուտով կգործի վերանորոգված, կահավորված և միջազգային չափանիշներին համապատասխան նոր
դպրոց, որն իր հյուրընկալ դռները կբացի աուտիզմով երեխաների առջև: Հիմնադրամի ծրագրի
հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և
նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար,
իրագործել աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական
ադապտացիան»,- հաղորդեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:
Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մինչև Ազատության հրապարակ,
երթն ուղեկցվեց աուտիզմի մասին բազմաթիվ իրազեկման սիմվոլներով և լոզունգներով, բաժանվեցին
իրազեկման թռուցիկներ: Երթի ավարտին Ազատության հրապարակում տեղի ունեցավ աուտիզմով
երեխաներին նվիրված երգի շնորհանդես և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի
(ԵԶՄԿ) սաների նկարների բացօթյա ցուցահանդես:
«Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է
գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Մինչ այսօր աուտիզմի առաջացման
հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Դիտարկվում են, սակայն չեն ապացուցվում
հետևյալ վարկածները՝ խնդիրներ հղիության, ծննդաբերության ժամանակ, գենետիկական մուտացիաներ,
արտաքին միջավայրի գործոններ, ժամանակակից կյանքի տեմպ և տեղեկատվական գերհագեցվածության
յուրացման դժվարություն»,- հաղորդեց ԵԶՄԿ տնօրեն Նարինե Վարդանյանը:
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այս տարի
առաջին անգամ Հայաստանը նաև միացավ «Կապույտ լույս վառենք» (“Light It Up Blue”) միջազգային
նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 2-ի երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի
և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով: Աշխարհի
տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են
կապույտ լույսով, որի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին
և խթանել ներառական միջավայր: Տարիների ընթացքում լուսավորվել են նյույորքյան
Empire State Building-ը, Սիդնեի օպերային թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը
և այլն:
«Օրվա խորհուրդը աուտիզմ ունեցող երեխաների՝ հասարակությունում
լիիրավ անդամ հանդիսանալու և նրանց սոցիալական ներգրավվածությունը խթանելու մեջ է,
ինչպես նաև այդ ճանապարհին խոչընդոտների աստիճանական վերացման մեջ»,- հաղորդեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի
ներկայացուցիչը Հայաստանում Հենրիետ Արենսը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունները ցույց
են տալիս, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը չի հաճախում
դպրոց և յուրաքանչյուր երեք երեխայից մեկը չի մասնակցում համայնքի միջոցառումներին:
Այս ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակներն են ստեղծել ծառայությունների շարունակական
շղթա երեխայի կյանքի ողջ ընթացքի համար, ապահովել բոլոր նախակրթարանների և ընդհանուր
հանրակրթական դպրոցների հասանելիությունն ու ներառական կրթության տրամադրումը, ինչպես
նաև կանխել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը»:
###
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա մասին՝
2008թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել
է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների հռչակագրով՝ այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների
և երեխաների կյանքի բարելավման անհրաժեշտությունը՝ դրանով իսկ աջակցելով նրանց լիարժեք
և բովանդակալից կյանք վարելուն:
«Աուտիզմ Ազգային Հիմնադրամ»-ի մասին`
2012 թվականին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Աուտիզմ Ազգային
Հիմնադրամ» որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել աուտիզմ և զարգացման
այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ
կրթության և զբաղվածության համար, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ
խնամատարների և մասնագետների համար, իրագործել աուտիզմով ախտորոշված անձանց մասնագիտական
կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասին՝
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն
ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում
և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և
առավել խոցելի և մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել
բոլոր երեխաների բարեկեցությանը:
Լրացուցիչ տեղեկատվության
համար դիմել՝
Լիլիթ Աթաջանյան, Նարինե Վարդանյան, Աուտիզմ ազգային հիմնադրամ,
+ 37410 580 733, icdc.child@gmail.com, www.anf.am կամ www.autism.am
Զառա Սարգսյան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, + 37477 23 21 69,
zsargsyan@unicef.org
UNICEF Armenia [zsargsyan@unicef.org]
.png)
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.