Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների
համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված Armeniangenocide100.org կայքը Թուրքիայի տարածքում արգելափակված է: Panorama.am-ի հետ զրույցում այս օրերին Թուրքիայում
գտնվող տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը
ևս հաստատեց Թուրքիայի տարածքում կայքի արգելափակված լինելու փաստը:
Վերջինս տեղում փորձեց մուտք գործել կայք, սակայն ապարդյուն:
Ավելին, Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի տարածքում արգելափակված է նաև իր անձնական
բլոգի հասանելիությունը:
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
նախաշեմին Թուրքիան կեղծ քարոզչական թեզերով փորձ է անում միջազգային հանրությանը մոլորության
մեջ գցել` խոսելով «ընդհանուր ցավի և 1915 թվականի իրադարձությունների քննարկամ համար
բաց լինելու» մասին, իսկ սեփական հանրությանը կոպտորեն զրկում է Հայոց ցեղասպանության
վերաբերյալ այլընտրանքային, փաստարկված տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
Թուրքական իշխանությունների այս քայլը ոչ այլ ինչ է,
քան խոսքի ազատության և տեղեկատվության ազատ ստացման հիմնարար իրավունքների կոպտագույն
խախտում: Թուրքիան ոչ միայն շարունակում է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,
այլ նաև հավատարիմ է մնում խոսքի և մամուլի ազատության սահմանափակման իր ավանդական
դարձած գործելաոճին, որի մասին բազում անգամներ բարձրաձայնվել է մամուլի ազատությանը
վերաբերվող միջազգային զեկույցներում և գնահատականներում:
Armeniangenocide100.org-ը Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքն է, այն հասանելի է երեք լեզուներով`
հայերեն, ռուսերեն, անգլերեն և բաղկացած է մի քանի բաժիններից` Ցեղասպանություն, Ճանաչում,
Պատմիր քո կյանքը, Նորություններ և Գրադարան: Կայքի այցելուները կարող են ծանոթանալ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, դրանց անցկացման ժամանակացույցին,
ընթերցել շուրջ 100 տարի առաջ հայկական, ինչպես նաև արտասահմանյան մամուլում Ցեղասպանության
վերաբերյալ տպագրված բազմաթիվ հոդվածներ:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.