Թուրքիայի հայ քաղաքացի Մուրաթ Բեբիրօղլուն բաց նամակ է ուղարկել
փոխվարչապետ Բյուլենթ Արընչին՝ դեմ արտահայտվելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդ
Մութաֆյանի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրելու նախաձեռնությանը։ Այս մասին գրում
է «Հայթերթը»։
Թուրքիայի փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Արընչին
ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների՝
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով քննարկվում է նոր պատրիարք
ընտրելու հարցը։ Սակայն մի կարևոր հանգամանք կա, որն անհրաժեշտ է հաշվի առնել։
Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների և ավանդույթների՝ պատրիարքին
իր կենդանության օրոք չեն փոխում, եթե նա չի հրաժարվում այդ պաշտոնից։ Պատմության ողջ
ընթացքում ոչ մի հայ պատրիարքից կամ կաթողիկոսից այդ պաշտոնը չեն վերցրել։ Ուստի, ստեղծված
պայմաններում ընդունելի է միմիայն աթոռակից պատրիարքի ընտրությունը, որն իրենից ենթադրում
է երկու պատրիարքների միաժամանակյա պաշտոնավարումը մինչև մեկի վախճանը, իսկ դրանից
հետո մյուսն ինքնաբերաբար դառնում է պատրիարք»։
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդ Մութաֆյանը
2008 թվականից ի վեր անբուժելի ծանր հիվանդ է, ինչի պատճառով հիվանդանոցում բժիշկների
մշտական խնամքի տակ է: Նրա փոխարեն պատրիարքի պարտականությունները կատարում է Արամ
արքեպիսկոպոս Աթեշյանը: Ըստ թուրքական օրենքների՝ երկրի իշխանությունները վերահսկում
են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ընտրությունների
հետ կապված զարգացումները Ստամբուլի հայ համայնքի շրջանում տարաձայնությունների պատճառ
են դարձել:
Ստամբուլի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ քննադատում են
Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որը հայտնի
է թուրքական իշխանական շրջանակների հետ լավ հարաբերություններով: Հայ համայնքում պահանջում
են, որպեսզի հարգվեն պատրիարքարանի օրենքները, ըստ որոնց` պատրիարքը կառավարում է ցմահ,
ուստի չեն ցանկանում Մեսրոպ Երկրորդի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրել:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.