Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա
Մարտիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը հայերեն թարգմանությամբ: Գիրքը ներկայացնում
է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս
Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային
փորձություններով լի ճանապարհի մասին:
Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ
կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն
ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության
հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին
էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների
աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և
դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:
«Գիրքս նվիրում եմ այս սքանչելի երկրի` Միացյալ Նահանգների բոլոր
այն մայրերին ու հայրերին, ովքեր իրենց դուստրերին դաստիարակել են ճշմարիտ հավատով
առ Աստված:
Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն
բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ
տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա՛ մեր Տիրոջը, թող Նրա
կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին
թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության,
որովհետև չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը:
Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս՝ հնարավորություն
տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցելու ամերիկացի ժողովրդին, որպեսզի ամերիկացի
յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր մայր հասկանա, որ այն, ինչ պատմելու եմ այս գրքի
էջերում, սիրո ու փառաբանության խոսք է առ Աստված… իմ փրկության համար:
Ավրորա Մարդիգանյան
Լաթամ, Նյու Յորք դեկտեմբեր, 1918 թ.»
Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտ
ՀՀ, Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,
Հեռ.: (374 10) 39 09 81,
Ֆաքս: (374 10) 39 10 41
E-mail: info@genocide-museum.am

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.