1896-1923թթ. Ցեղասպանության հետեւանքով
աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը կանգնած է մի նոր լրջագույն մարտահրավերի
առջեւ: Սիրիայում արյունալի իրադարձությունների հետեւանքով այդ երկրի հայ համայնքի
գերակշիռ մեծամասնությունն արդեն լքել է ռազմական գործողությունների գոտին: Սակայն
ISIS իսլամ ծայրահեղական ռազմականացված կազմակերպության գործողությունների
արդյունքում Սիրիայում դեռ մնացող շուրջ 20 հազար հայերին եւ հատկապես՝ Հալեպում
կենտրոնացած շուրջ 13 հազար մարդու գլխավերեւում կախված է լիակատար բնաջնջման վտանգը: Նույնը սպառնում է նաեւ մյուս քրիստոնյա եւ
եզդի փոքրամասնությանը:
Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ՀՀ
իշխանություններն անկարող ու անպատրաստ եղան ապահովելու Սիրիայի հայ համայնքի
համակարգված եւ կազմակերպված տարհանումը Հայաստան, այդ թվում՝ Արցախ: Մինչդեռ հայ
ժողովուրդը, ի տարբերություն 20-րդ դարասկզբի ցեղասպանության տարիների, արդեն ունի
իր անկախ պետականությունը, որի ուղղակի պարտականությունն է ապահովել, որպեսզի
այլեւս երբեք հայ ժողովրդի ցեղասպանություն տեղի չունենա:
Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը կարող
է եւ պետք է յուրահատուկ առաքելություն ստանձնի միջազգային ասպարեզում՝ պայքարելու
նաեւ ցանկացած այլ ժողովրդի, էթնիկ կամ կրոնական խմբի դեմ նորանոր
ցեղասպանությունների կանխման համար:
Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատիժ
մնալը տարածաշրջանում քաղաքական եւ կրոնական խնդիրները՝ նորանոր
ցեղասպանությունների, էթնիկ զտումների եւ արտաքսումների միջոցով «լուծելու»
պատճառներից մեկն է: Իսկ մարդատյաց այս մարտավարության կրողների եւ նրանց
հովանավորների գործողությունները սպառնում են կայունությանը ոչ միայն
տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում:
Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է լցված
Սիրիայի արաբ ժողովրդի հանդեպ՝ նախորդ դարասկզբին թուրքական յաթաղանից մազապուրծ
հազարավոր հայերին ապաստան տալու համար: Սակայն այսօր թե՛ հալեպահայությունը եւ թե՛ ինքը՝ Սիրիայի արաբ ժողովուրդը, կարիք ունեն այնպիսի լուծումների,
որոնք կբացառեն խաղաղ բնակչությանը՝ որպես ահաբեկիչների դեմ կենդանի պատվար,
օգտագործելու մարտավարությունը:
«Ժառանգությունը» Հայաստանի
Հանրապետության փաստացի իշխանություններից եւ համահայկական կառույցներից պահանջում
է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում
մնացած հայության փրկության ուղղությամբ:
Մենք նաեւ կոչ ենք անում շահագրգիռ
ուժերին՝ քաղաքական կուսակցություններից մինչեւ քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչներ, հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել կլոր սեղանի շուրջ եւ
քննարկել սիրիահայությանը պատուհասած օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը:
«Ժառանգություն» կուսակցություն
11
հունիսի 2015
Երեւան
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.