Այս օրերին ՀՀ-ում
է գտնվում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Երեկ նա հանդիպել է
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝
մասնակցությամբ Պատրիարքության ուխրավորների
և հոգևորականների, ավելի ուշ Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է Համահայկական մշակութային փառատոնի
բացման հանդիսավոր արարողությանը, որն ազդարարվեց «Ստամբուլի հայ համայնքի մշակութային
օրերը Հայաստանում» համերգային ծրագրով՝ ներկայացնելով պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 27-ին Արամ
Աթեշյանը կմասնակցի նաև Սրբալույս Մյուռոնի
օրհնության արարողությունը: Մինչ այդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը
համաձայնել է պատասխանել Times.am-ի հարցերին՝ անդրադառնալով Պատրիարքության և հայ
համայնքի խնդիրներին:
-Եթե մի երկրի մեջ
փոքրամասնություն ես, արդեն ինքնին հարցեր ունենում ես: Եվ մեր պարագայում այն շրջանին շատ հանգիստ էինք, կվայելեինք
պետության հովանավորությունը, հազար ու մի
եկեղեցիներ, բայցև այնպես սկսեցին հարցեր ծագել և 1915-ին մենք նեղություններ ունեցանք:
Իհարկե, ոչ միայն 1915-ի դեպքերին, այլ նաև նոր Հանրապետության շրջանին, երբ պետությունը սկսեց
փոքրամասնությունների կալվածքները խլել: Եվ երբ մեր կալվածքները խլվեցին՝ համայնքն աղքատացավ և եկամուտ լինելու պարագայում՝
սնանկացավ: Սա շարունակվեց մինչև 2002 թվականը՝
մինչև նոր կառավարության գալը: Եվ այդ կառավարությունը խոստացավ, թե մինչ օրս ինչ մեր
ձեռքից վերցվել է, նրանք վերադարձնելու են: Եվ սկսեցին վերադարձնել վերցրածը, թեպետ
վերադարձված է 100-ից 15-20-ը, բայց մեր համայնքի համար ուրախացնող է: Այսօր ավելի լուրջ
հարցեր էլ ունենք. Պատրիարքարանը որպես պետական, պաշտոնական հաստատություն չի ճանաչվել, ուստի չենք կարող կալվածք ունենալ: Իսկ եթե կալվածք չունես,
եկամուտ էլ չես ունենա: Այսօր Պատրիարքության
եկամուտները հուղարկավորություններից, պսակներից են, ինչպես նաև նվիրատվություններ:
Նմանապես համայնքը կառավարելու այդ զենքը,
պետության այդ արտոնությունը չունի՝ Կենտրոնական մարմին: Մենք մինչև 1934-ն
ունեցել ենք Կենտրոնական մարմին՝ Պատրիարքի գլխավորությամբ և աշխարհականների մասնակցությամբ
համայնքը կկառավարվեր: Այսօր մենք համայնքը չենք կարող կառավարել, պետությունն է կառավարում, այդ իրավունքը 1934-ից
մեզանից վերցվել է:
1960-ականներին իրավունք
ունեինք, բայց մեկ-երկու տարի տևեց, մենք կուզենք, որ մենք մեզ պահենք: Եթե թաղային
գործակալներ կընտրվեն, հոգեբարձուներ, խնամակալություններ, այդ անդամները մենք պիտի
որոշենք, թե ով պիտի լինի: Իսկ այսօր մենք դրա իրավունքը չունենք, ուստի վարիչների մեջ ոչ հաճելի անձնավորություններ կլինեն,
որոնք համայնքին ծառայելու փոխարեն, այլ նպատակների համար են աշխատում: Այդ իրավունքը մեզ պիտի տրվի: Եթե համայնքը չուզենա,
որ մեկն անդամ լինի՝ պիտի թողնի: Այսօր դրա
իրավունքը չունենք, ընդհանուր տնօրինություն չկա, անհատները կվարեն: Այսինքն՝ համայնքի միակ ցավն այն է, որ ինքզինքը
չի կարողանում կառավարել, պետք է մեկ Կենտրոնական մարմին լինի, որպեսզի այդ մեկ մարմնից որոշում լինի և այդ ժամանակ ավելի զորավոր
կլինենք:
-Սրբազան, եթե խոսենք
հայ համայնքի բարոյաքաղաքական իրավունքների մասին, այսօր ի՞նչ «գին են վճարում» դրանց մասին բարձրաձայնելու համար Թուրքիայում:
-Եթե կբաղդատենք
20 տարի առաջվանն ու այսօրվանը, ապա այսօր ավելի հանգիստ ենք, այս կառավարության շրջանում է, որ Ցեղասպանության
մասին ավելի հեշտ կխոսենք, հայկական հարցերի մասին խոսում ենք և կառավարությունը ոչ մեկին բան չի ասում: Բայց կրկնում
եմ՝ ունենք պահանջելիք կալվածքներ, և որպես համայնք կառավարելու իրավունք:
-Վերջին շրջանում
դարձյալ ակտիվացել են Ձեզ ուղղված քննադատությունները, բողոքը մինչև Մայր աթոռ է հասել,
որ դավանափոխ հայերին հրաժարվում եք մկրտել:
Վերջերս ևս նման դեպք ունեցանք, երբ Մայր աթոռում նրանց չմկրտեցին, քանի որ ձեր շրջաբերականը չկար:
-Ամեն դիմացդ ելնողին,
երբ հայը ընդունող է, հայ ըլլալը պիտի ընդունի՞ս:
Ինչպե՞ս իմանամ, որ հայ են: Թուրքիայում հայերի պարագայում անձնագրի մեջ կրոնը գրված
է, եթե իսլամ գրված է, ուրեմն՝ երկրորդ կրոնքի տեղ չկա: Այդ փաստաթուղթը թող փոխեն,
քրիստոնեության մասին տեղեկություն ստանան՝
ինչ է քրիստոնեությունը, հայ եկեղեցին,
մկրտությունը, Սուրբ Երրորդությունը, Սուրբ
հոգին, դրանից հետո թող գան, մենք թույլ կտանք: Իսկ եթե մի կողմից թուղթ պիտի լինի,
որ մահմեդական է, մյուս կողմից թուղթ պիտի ցույց տա, որ քրիստոնյա է, չի կարող լինել նման բան:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.