Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կոստանդնուպոլսի Հայոց
Պատրիարքության ուխտավորներին և հոգևորականներին` առաջնորդությամբ Կոստանդնուպոլսի
Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս
Աթեշյանի:
Հանդիպմանն ուխտավորների անունից շնորհակալության խոսք ասաց
Արամ Սրբազանը` նշելով, որ դարերի ընթացքում պոլսահայ համայնքի համար Մայր Աթոռ Ս.
Էջմիածինը, հակառակ բոլոր տեսակի հանգամանքների, մշտապես եղել է հույսի, հավատքի և
գոյատևման աղբյուր, և Կ.Պոլսի Պատրիարքության ներկայացուցիչները հաճախ են ուխտավորաբար
այցելել համայն հայության հոգևոր կենտրոն: Սրբազանն իր խոսքում նաև նշեց, որ պոլսահայ
համայնքի անդամներն այս անգամ ևս չէին կարող անմասն մնալ և չմասնակցել Մյուռոնօրհնության
օրհնաբեր արարողությանը:
Այնուհետև ուխտավորներին ողջունեց և հայրապետական օրհնությունը
բերեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը` ուրախություն հայտնելով տոնական այս օրերին պոլսահայերի`
Մայր Աթոռ այցի և աղոթակցության համար: «Մենք հպարտ ենք պոլսահայ մեր զավակներով»,
– իր խոսքում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նշելով, որ մշտապես տեսել է պոլսահայ
համայնքի զորավոր հավատքը և անվերապահ սերը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի
նկատմամբ:
Նորին Սրբությունը վերհիշեց նաև իր Հովվապետական այցը Կոստանդնուպոլիս:
Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը փառք տվեց Աստծուն, որ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների
և փորձությունների, տառապանքների և կորուստների, պոլսահայերը քաջարի կերպով ամուր են
պահել իրենց հավատքը, ազգային ինքնության գիտակցությունը, ինչի վառ վկայությունն են
Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո գործող 42 եկեղեցիները, ինչպես նաև համայնքի
կրթական, բարեսիրական հաստատությունները:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը
բերեց պատրիարքական ընդհանուր փոխանորդին և հոգևոր դասին նվիրյալ և նախանձախնդիր ծառայության,
ինչպես նաև Ս. Էջմիածին ուխտագնացությունը կազմակերպելու համար:
Նորին Սրբությունը նաև իր աղոթքն ու մաղթանքները փոխանցեց պոլսահայ
համայնքին` հայցով, որ Աստծո օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի
ժառանգությունը և ավելի շենացնեն պոլսահայ կյանքը:


Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.