Պոլսահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն նոյեմբերի 4-ին Համազգային
հայ կրթական և մշակութային միության հրավերով Լիբանանում հանդես կգա համերգով: Փաստում
է` առաջարկը շատ սպասված էր, և ինքն էլ մեծ ոգևորությամբ է պատրաստվում երեկոյին: Մասնագիտությամբ
ֆինանսիստ երգչուհին վերջերս Երևանում էր։ Այստեղ նա ներկայացրեց իր վերջին երգի տեսահոլովակը,
ինչպես նաև մասնակցեց կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանի հայաստանյան համերգին:
NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ երևանյան այցի, առաջիկա ծրագրերի և այլ հարցերի
շուրջ:
-Սիբիլ, վերջերս ներկայացրիք Ձեր նոր՝ «Վանայ լիճին…» տեսահոլովակը:
Ինչպիսի՞ արձագանքներ լսեցիք երգի վերաբերյալ:
-«Վանայ լիճին…» երգը վավերագրական ֆիլմի համար ենք ստեղծել
(«Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակում նկարահանվել էր «Մենք կգանք» խորագրով
ֆիլմը- հեղ.), բայց այս երգն այնքան սիրեցի, որ ցանկացա տեսահոլովակ նկարահանել, որ
այն ավելի հասանելի դառնա: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, ռեժիսորը Մարիամ Գևորգյանն
է, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը: Նկարահանումները կատարվել են Շորժայում
(Սևանա լիճ): Անդրե Սիմոնյանն աջակցեց ինձ թե՛ երգի ձայնագրման, թե՛ տեսահոլովակի ստեղծման
հարցում: Երգն էլ, տեսահոլովակն էլ շատ սիրվեցին: Ես արդյունքից շատ գոհ եմ: Ժամանակը
ցույց կտա, բայց հուսով եմ, որ տարիներ կանցեն և «Վանայ լիճին…» երգը կհասնի նաև նոր
սերունդներին:
- Տեսահոլովակն արդեն ցուցադրվե՞լ է թուրքական հեռուստաալիքներով:
Ի՞նչ արձագանքներ կան:
-Տեսահոլովակն արդեն տեղադրված է Youtube-ում: Թուրքական հեռուստաալիքներում
այնքան էլ հեշտ չէ ինչ-որ բան ցուցադրել, բայց հույսս չեմ կորցնում և ջանում եմ կապեր
հաստատել: Իսկ տեսահոլովակս դիտած թուրքերի արձագանքները շատ լավն էին: Մի քանի օր
առաջ Էսքիշեհիրում բնակվող մի կին ինձ նամակ ուղարկեց. «Ձեր ձայնի, ձեր երգերի երկրպագուն
եմ, բոլոր երգերը գիտեմ և զավակներիս լսել եմ տալիս: Այս աշխարհին առանց Ձեզ հետ ծանոթանալու
հրաժեշտ տալ չեմ ցանկանա»,-գրել էր նա:
«Վանայ լիճին…» երգի թուրքերեն թարգմանությունը ցանկացավ: Ինչպես
և ուրիշ թուրքեր, նա նույնպես փափագում է, որ թուրքերեն երգեր երգեմ: Կջանամ նրանց
բացատրել, որ իմ նպատակը հայերեն երգեր կատարելն է, բայց նաև շատ կուրախանամ նրանց
նամակներից: Ուզում եմ իմանաք, որ ինչ լեզվով էլ երգեմ, ես մեծ նպատակ ունեմ՝ հայերեն
երգերն ավելի լսելի դարձնել:
- Հավանաբար շատերն են այս հարցը տալիս, ես էլ բացառություն
չեմ լինի: Դժվար չէ՞ հայ երգչուհու համար գործունեություն ծավալել Թուրքիայում։
-Այո, դժվար է, շատ դժվար: Իրականում չեմ ուզում շատ խոսել և
խորհել, որ բացասական էներգիա չառաջանա և մարդկանց չկենտրոնացնեմ այս դժվարությունների
վրա: Ես միայն աղոթում եմ Աստծուն, որ ինձ լավ մարդիկ շրջապատեն, որ պահի ու պահպանի
ինձ: Եթե Աստված չցանկանա, ոչ ոք ձեզ վնաս չի կարող հասցնել:
Եթե նույնիսկ հեռուստաալիքներում կամ ծրագրերում ինձ տեղ չտան,
պիտի համացանցով տարածեմ իմ երգերը: Սիբիլն Աստծո տված ուժով պիտի հայերեն երգի, որովհետև
Սիբիլի աշխարհ գալու նպատակը սա է:
- Ձեր նախորդ այցի ընթացքում նշեցիք, որ կցանկանայիք Հայաստանն
ավելի լավ բացահայտել: Հաջողվու՞մ է:
-Այո, արդեն շուրջ 5 տարի հաճախ Հայաստան եմ գալիս և գնում:
Այստեղ ինձ շատ սիրող և գնահատող մարդիկ կան, երախտապարտ եմ նրանց: Նրանց անկեղծ սերն
ինձ երջանկություն և դեպի առաջ գնալու, նոր ստեղծագործություններ անելու համար քաջալերանք
է:
-Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին մտածե՞լ
եք:
-Հուսով եմ, որ մի օր բնակարան կունենամ և ավելի հաճախ կգամ:
Հայաստանն ինձ համար սիրեցյալի նման է: Որքան հեռանում եմ՝ այնքան ավելի շատ եմ կարոտում
և շատ ցանկանում տեսնել նրան:
-Վերջերս Երևանում էիք, ներկայացրիք նոր տեսահոլովակը, ինչպես
նաև հանդես եկաք երգիչ Դանիել Դեքերի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր համագործակցությունը:
- Դանիել Դեքերի համերգն իսկապես շատ հաջող էր: Նա հայերեն երգերի
բառերը զգալով էր երգում. շատ զարմանալի և գնահատելի էր: Ուրախ էի, որ ես էլ այս համերգի
մաս կազմելու պատիվն ունեցա: Դանիելի հետ շատ մտերմացանք և խոստացանք միասին նորից
աշխատել:
-Տեղյակ եմ, որ պարբերաբար համագործակցում եք Beautified
Project-ի հետ: Ինչպե՞ս է սկսվել Ձեր համագործակցությունը: Առաջիկայում որտե՞ղ կտեսնենք
Ձեզ և խմբին:
-Մեկ տարի առաջ պատահաբար Անդրե Սիմոնյանի հետ ծանոթացանք: Մեր
ծանոթությունը բերեց հայ և թուրք երաժիշտների համատեղ Melody For Harmony նախագծի ստեղծմանը,
որն իմ կյանքի ամենայուրահատուկ նախագծերից էր: Երևանում և Պոլսում համերգներ ունեցանք,
որոշեցինք նախագծից դուրս էլ համագործակցել: Առաջին համատեղ համերգի առաջարկը եղավ
Հոլանդիայից: Հոկտեմբերին հրաշալի համերգ ունեցանք: Նոր տարվա համար տարբեր երկրներից
համերգների առաջարկներ ունենք: Ես ու Անդրեն շուտով հանդես կգանք անակնկալներով:
-Բացի վերոնշյալ արտիստներից, ու՞մ հետ կցանկանայիք համագործակցել:
-Երազանքներիցս մեկն է ծանոթանալ Անդրեա Բոչելիի հետ և նրա հետ
“Time to Say Goodbye’’ երգը կատարել: Քանի որ երազելն առանց գումարի է, որքան կուզենամ
կարող եմ երազել, այնպես չէ՞:
-Մի ժամանակ բանկում էիք աշխատում: Այս պահին կրկին համատեղու՞մ
եք երաժշտությունն ու բանկային գործը:
-Հիմա կյանքումս միայն երաժշտությունն է: Ավելի ազատ եմ և կարող
եմ կենտրոնանալ երաժշտության վրա:
- Ինչի՞ վրա եք այս պահին աշխատում: Նոր երգ և ձայնասկավառակ
սպասե՞նք:
-Նոր տարվա ընթացքում անակնկալ կունենամ, որի իրականացմանը մեծ
հուզմունքով եմ սպասում: Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով Լիբանանում
հոկտեմբերի 4-ին համերգ կունենամ: Շատ սպասված առաջարկ էր, քանի որ երկար տարիներ լիբանանահայերը
ինձ հետ անձամբ ծանոթանալու և երգերս լսելու ցանկություն էին հայտնում: Ես էլ շատ հուզված
եմ: Ուր էլ գնում եմ՝ շատ մեծ ուրախություն և երջանկություն եմ ապրում: Նոր մարդկանց
հետ եմ ծանոթանում և բոլորին պահում եմ սրտումս: Նրանք ինձ ասում են, որ ես միայն պոլսահայության
Սիբիլը չեմ, համայն հայության Սիբիլն եմ: Իրենց Սիբիլը: Այնքա՜ն եմ ուրախանում:
Ռոզա Գրիգորյան
NEWS.am STYLE
Տպել




Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.