Հայոց Ցեղասպանության
100-րդ տարելիցի առիթով եւ ի հիշատակ Արմին Թեոֆիլ Վեգների, վերջերս Թեհրանում լույս
տեսավ Շարիս Մելքոմ-Աբգարի (Աբգարյան) գրչին պատկանող «ԱՄԻ» գիրքը: Այն Աստվածաշնչյան
պատմությունների վրա հիմնաված պոեմ է, ուր հեղինակը փորձում է պատասխանել իր եւ հայ
ժողովրդի կարեւորագոյն հարցերից մեկին՝ Ինչո՞ւ Ցեղասպանություն...:
«Արաքս» շաբաթաթերթ, 05 օգոստոսի 2014թ.:
«Չեմ ուզում Հայր
իմ
Այդ փրկութիւնը.
Յայտնւի՛ր այսօր
Եւ պատասխանի՛ր
Հարցերիս բազում,
Որ չխենթանամ
Նախքան զղջումը,
Իմանամ ինչո՞ւ,
Ինչո՞ւ եղաւ Տէր,
Ձեռքդ յանձնելով
Իմ գրիչն այս...»:
Բանաստեղծուհին
այստեղ, փաստորեն, երկխոսության մեջ է մտնում Աստծո հետ եւ Տիրոջ առջեւ ներկայացնում
«Մարդու հարցը», ապա նոր գլխի տակ բերում «Աստծո պատասխանը»:
Գիրքը բաղկացած
է հինգ բաժիններից՝ «Երկու խոսք» (7-10), «Նախաբան» (11-28), «Մարդու հարցը»
(29-215), «Աստծու պատասխանը» (216-283) եւ «Վերջաբան» (284-288): Նախաբանում ամփոփ
ներկայացվում է Հայոց Ցեղասպանության վկաներից ու այդ փաստը իր նկարած լուսանկարներով
հավերժացնող, գերմանական բանակի բժիշկ՝ Արմին Թեոֆիլ Վեգները, բերված է նաեւ նրա հայտնի
նամակը հղված ԱՄՆ նախագահ՝ Վուդրո Վիլսոնին: Գրքում տեղ-տեղ մեջբերումներ կան Սուրբ
Գրքից:
Գիրքը խմբագրել
է Մովսես Քեշիշյանը, գեղարվեստական ձեւավորումը՝ Ռուբինա Աբրահամյանի գործն է: Այն
բաղկացած է 288 էջերից եւ հրատարակվել է 500 տպաքանակով:
Հեղինակի մասին
Շարիս Մելքոմ-Աբգարը
ծնվել է 1984 թվին Թեհրանում: Տարրկան և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի
«Ալիշան», «Քուշեշ Դավթյան», «Արաքս» եւ «Մարի Մանուկյան» դպրոցներում: Ավարտել է Իրանի
Իսլամական Ազատ Համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:
Ուսման շրջանում
համագործակցել է տարբեր թարգմանչական կենտրոնների հետ, որպես թարգմանիչ եւ խմբագիր:
Արդեն տասը տարի է ինչ պաշտոնավարում է հայոց դպրոցներում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության
ուսուցչուհի:
Գրելը սկսել է
վաղ հասակից: Նրա բանաստեղծությունները տպագրւել են «Ալիք», «Հանդէս» եւ «Պայման» թերթերում:
Առաջին գիրքը՝
«Հորիզոնից այն կողմ լռութիւն է լոկ...», լոյս է տեսել 2010 թվին, Թեհրանում, «Նաիրի»
հրատարակչության միջոցով: Շարիսի ստեղծագործությունները հիմնականում կարելի է դասել
հոգեւոր գրականության շարքում:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.