«20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողով 8-12 հուլիս 2015, Երևան. Այսօր, ժամը 18:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում
տեղի կունենա «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը
կրող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովի հանդիսավոր
բացումը:
Բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետև
ողջույնի խոսքով հանդես կգան ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված
միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը և «Ցեղասպանագետների
միջազգային ասոցիացիայի» գործող նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:
Միջոցառման պաշտոնական բացմանը կհաջորդի Ցեղասպանագետների միջազգային
ընկերակցության նոր նախագահի ընտրությունը, արդյունքների ամփոփումը, նորընտիր նախագահի
ելույթը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը կներկայացնի Հայոց
ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումները:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի
պաշտոնական բացումը կամփոփի ՀՑԹԻ փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այս տարի
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության
12-րդ գիտաժողովը հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Հեղինակավոր այս գիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է
լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ
Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից:
Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության
և հարակից ոլորտների շուրջ հարյուր ութսուն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
2015 թ. հուլիսին անցկացվելիք գիտաժողովը նվիրվելու է Հայոց
ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի
70-րդ տարելիցներին:
«Այս գիտաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու
հայագիտության և, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան
են ժամանելու բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ գիտաժողովին լավ առիթ է
հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ
ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»,-նշում
է գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը:
1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել
է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման
գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը
(International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության
դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն
միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի
(Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր
Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր
երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած
ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն
ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային
ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.