Հոկտեմբերի 5-7-ը կայացավ
Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի և քաղաքաշինության
նախարարությունները, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը, ՀՀ Ճարտարապետների միությունը:
Այս առիթով «Հայերն
այսօրի» թղթակիցը զրուցել է Թուրքիայից
ժամանած «Հայճար» ճարտարապետների և ճարտարագետների միության հիմնադիր, ստամբուլահայ
ճարտարապետ Նազարեթ Բինաթլիի հետ, որը Ճարտարապետի միջազգային օրվա առիթով պարգևատրվել
է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի»
մեդալով:
Պարոն Բինաթլին զրույցի սկզբում ասաց, որ շատ է սիրում Հայաստանը,
անբացատրելի կապվածություն ունի Հայրենիքի հանդեպ, այնքան, որ բնակարան է գնել Երևանում:
Շատ է սիրում հատկապես Հյուսիսային պողոտան և Պարոնյան փողոցը: Իսկ Հայաստանում իրականացվող
շինարարական աշխատանքների, կառուցվող շինությունների վերաբերյալ դրական կարծիք ունի,
ասում է, որ այս առումով Հայաստանում բավականին առաջընթաց է նկատվում:
«Հայճար» միությունը հիմնադրվել է տասը տարի առաջ, որը Թուրքիայում
շինարարական տարբեր նախագծեր է իրականացնում: «Հայճար»-ի գործունության մաս են կազմում
համայնքային կալվածքների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Միության ստեղծման
շարժառիթներից մեկն էլ Թուրքիայում ապրող ճարտարապետներին, շինարարներին համախմբելը և քննարկումներ կազմակերպելն է: Ի դեպ,
միությունը 200 անդամ ունի, որոնք էլեկտրիկ-ճարտարագետներ, մեխանիկներ, ճարտարապետներ
և այլ մասնագիտություն ունեցող մարդիկ են:
Միության կողմից կատարված աշխատանքներից են Ստամբուլի Բեշիքթաշի
Սուրբ Աստվածածին, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցիների,
Բեշիքթաշի հայկական վարժարանի շենքի և այլ կառույցների վերանորոգումը: Աշխատանքային
խումբը տարին գոնե երկու անգամ լինում է այդ վայրերում և իրականացնում տարաբնույթ ուսումնասիրություններ:
Մշտապես ուշադրության կենտրոնում են պահում վնասված եկեղեցիները:
Վերջերս ճարտարապետը, ճանաչողական այցելություն կատարելու նպատակով,
70 հոգանոց ստամբուլահայերի խմբի է ուղեկցել Հայաստան, որոնց մեջ ճարտարապետներ են
եղել, նաև մարդիկ, ովքեր առաջին անգամ էին այցելում Հայաստան:
Խոսելով մասնագիտական համաժողովների կազմակերպման մասին՝ Նազարեթ
Բինաթլին ասաց. «Կարևորում եմ այս համաժողովները, քանի որ հնարավորություն ենք ունենում
ծանոթանալու տարբեր երկրներում ապրող մեր գործընկերների հետ, մտքեր փոխանակել, հետագա
համագործակցության ուղիներ որոնել: Համաժողովը պատեհ առիթ է նաև մեկ անգամ ևս Հայաստան
այցելելու»,-ասաց ճարտարապետը:
Գևորգ Չիչյան
http://hayernaysor.am/%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%A5%D5%A9-%D5%A2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-2/

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.